Իսրայելի հանրային հեռարձակման կորպորացիայի «Kan 11» հեռուստաընկերության հաղորդավարն ուղիղ եթերում վիրավորել է հայերին։ Այս մասին ահազանգում է Երուսաղեմի SavetheArQ (Փրկե՛ք հայկական թաղամասը) շարժման նախաձեռնող խումբն X-ի պաշտոնական էջում։
«Չեմ կարող հավատալ, որ մենք Երուսաղեմի մի ամբողջ թաղամաս տվեցինք այս տղաներին»,- ասել է հաղորդավարը «Եվրատեսիլ» երգի մրցույթում Հայաստանի ներկայացուցիչ Պարգի ելույթից հետո։
SavetheArQ–ի հայտարարության մեջ նշված է, որ շարժման անդամները ցնցված են հաղորդավարի խոսքերից և խիստ դատապարտում են այդ ամոթալի դիտողությունը։
«Սա անհանգստացնող, անհիմն, ռասիստական և վիրավորական հայտարարություն է, որը թիրախավորում է Երուսաղեմի պատմական, կրոնական և մշակութային կառուցվածքի անբաժանելի մասը կազմող հին համայնքին։ Նախևառաջ մենք ցանկանում ենք պարզաբանել, որ Երուսաղեմի հայկական թաղամասը ոչ մեկին չի «տրվել»։ Այն կառուցվել, պահպանվել և մշակվել է դարերի ընթացքում հայ ժողովրդի կողմից, որը պահպանել է իր անխափան ներկայությունը Սուրբ Երկրում և Երուսաղեմում ավելի քան 1600 տարի։ Այս ներկայությունը համաշխարհային ճանաչում ունի և յուրօրինակ ներդրում է քաղաքի հոգևոր, մշակութային և պատմական կյանքում»,- նշված է հայտարարության մեջ։
Շարժման անդամները հիշեցնում են, որ Հին քաղաքի չորս թաղամասերից մեկը՝ Հայկական թաղամասը, ծառայում է որպես համայնքների և կրոնների միջև համակեցության, համագործակցության խորհրդանիշ։ Հետևաբար նման հայտարարությունները ոչ միայն սխալ են, այլև վիրավորական և վտանգավոր և վնասում են Երուսաղեմում համատեղ կեցությանը։
«Մենք թույլ չենք տա հեռարձակողներին կամ որևէ այլ կողմի՝ խաթարելու պատմական ճշմարտությունը կամ արատավորելու ամբողջ համայնքի և ազգի արժանապատվությունը»,- շեշտվում է հայտարարության մեջ։
SavetheArQ շարժումը Իսրայելի հանրային հեռարձակող կորպորացիային հորդորել է հրապարակայնորեն հերքել արված հայտարարությունը և պաշտոնական ներողություն խնդրել Երուսաղեմի հայ համայնքից։