Հայաստանում պարենային անապահովության մակարդակը մոտ 23% է. ՄԱԿ
Մայիսի 17, 2025

Հայաստանում պարենային անապահովության մակարդակը մոտ 23% է. ՄԱԿ

Հայաստանի բնակչության 23%-ը բախվում է պարենային անապահովության խնդրի հետ, հենց դրա համար էլ ՄԱԿ-ի Համաշխարհային պարենի ծրագիրը գործում է Հայաստանում և կոչ է անում նորարարական գործընկերություններ: Դրա մասին «Կայուն զարգացման համաժողով Հայաստանում․ կամուրջ Բրազիլիայում անցկացվելիք COP 30-ի և Հայաստանում անցկացվելիք COP 17-ի միջև» խորագրով համաժողովում կազմակերպված վահանակային քննարկումների ժամանակ հայտարարել է ՄԱԿ-ի Պարենի համաշխարհային ծրագրի (WFP) ներկայացուցիչ և տարածաշրջանային տնօրեն Նանա Սկաուն։

Ինչու է WFP-ն աշխատում Հայաստանում

«Նրանց համար, ովքեր ծանոթ չեն Պարենի համաշխարհային ծրագրին, պարզաբանեմ. մենք ներկա ենք 120 երկրում և ամեն տարի օգնություն ենք ցուցաբերում սովից և պարենային անապահովությունից տառապող մոտ 150 միլիոն մարդու,-ասում է Նանա Սկաուն։- Իսկ ինչո՞ւ ենք մենք Հայաստանում։ Չէ՞որ Երևանում զբոսնելիս կարելի է  մտածել, թե այստեղ ամեն ինչ գեղեցիկ է և բարեհաջող կերպով է ընթանում։ Մինչդեռ երկրում պարենային անապահովության մակարդակը մոտ 23% է։ Միայն անցյալ տարի WFP-ն օգնել է Հայաստանում մոտ 100 հազար մարդու։ Ահա թե ինչու ենք մենք այստեղ»։ 

Սկաուն ընդգծեց, որ պարենային անվտանգությունը ներառում է անելիքների լայն շրջանակ, որոնց թվումէ սննդային թափոնների կրճատումը։ Այսպես, անցյալ տարի Պարենի համաշխարհային ծրագիրը բանակցություններ է վարել Marriott հյուրանոցի հետ սննդի ավելցուկների կրճատման վերաբերյալ, Carrefour ցանցի հետ ուսումնասիրել է պարենային պահեստների գործունեության մեխանիզմները, իսկ ArmSwissbank-ի հետ՝ քննարկել արևային վահանակների տեղադրման նախագծերը։

Գործընկերությունն իբրև կայուն զարգացման հիմք

«Երբ ես ասում եմ, որ մենք ընդգրկել ենք 100 հազար մարդու, դա դեռ ամենը չէ։ Այն ամեն, ինչ մենք անում ենք, անում ենք գործընկերությամբ՝ Հայաստանի կառավարության, տեղական համայնքների, մասնավոր հատվածի, ՀԿ-ների, քաղաքացիական հասարակության և նույնիսկ ուսանողների ու համալսարանների հետ։ Մենք ակտիվորեն համագործակցում ենք ակադեմիական միջավայրի և քաղաքական կառույցների հետ»,- նշեց Սկաուն։

Նա պատկերավոր օրինակ բերեց. «Պատկերացրեք 13 հազար 850 ֆուտբոլի դաշտ։ Հենց այդքան հողատարածք՝ մոտ 4-5 հազար հեկտարի չափով, մենք անցյալ տարի Հայաստանում ապահովեցինք ոռոգման համակարգով։ Դա շատ է, այնպես չէ՞։ Այդ ամենն արվում է մարդկանց ավելի շատ և ավելի որակյալ արտադրանք թողարկելու հնարավորություն տալու համար։ Ինչո՞ւ։ Կլիմայի փոփոխությունների պատճառով։ Մենք պետք է նվազեցնենք ջրի կորուստը, սոսկ ջրի հասանելիությունն ապահովելը բավարար չէ»։

Ըստ Սկաուի՝ ուսուցումը վիթխարի նշանակություն ունի. «Օրինակ՝ մենք համագործակցում ենք Ջրօգտագործողների միության հետ, քանի որ մարդկանց պետք է սովորեցնել՝ ինչպես ճիշտ օգտագործել ջուրը։ Այդպես չպետք է լինի. մարդը բացում է ջուրը, որը երկար ժամանակ չի տեսել, և պարզապես նստում է ու նայում ջրին։ Մենք պետք է սովորեցնենք, որ այս ջուրը 5-10 տարի հետո կարող է այլևս չլինել»։

Այսպիսով, համայնքների հետ աշխատանքը ներառում է կաթիլային ոռոգման համակարգերի տեղադրում և կուտակիչ բաքերի օգտագործում։ «Եթե ես ձեզ ասեմ, որ 570 ընտանիք ստացել է նման սարքավորումներ, կմտածեք, որ դա մեծ թիվ չէ։ Բայց նայեք հարևաններին։ Նրանք ասում են. «Օ՜, սա ինչ-որ նոր բան է։ Գուցե մի քանի ամսից դրա շնորհիվ նա կարողանա իր համար ավելի լավ հեռախոս գնել։ Ես էլ եմ ուզում փորձել»։ Հենց այսպես է տարածվում նորարարությունը։ Մենք նախագծեր ենք ստեղծում համայնքների հետ միասին՝ նախագծում ենք, ներդրումներ ենք անում, և նրանք ստանձնում են ծախսերի մի մասը։ Դա ձևավորում է պատասխանատվություն, փոխում է վարքագիծը և մարդկանց պատրաստում ապագային»,- ասում է նա։ 

Արևային էներգիան փոփոխությունների շարժիչ ուժն է

Նանա Սկաուն հատուկ ուշադրություն հրավիրեց վերականգնվող էներգիայի ոլորտի նախագծերին. «Հայաստանն արև է։ Ես և այլ կազմակերպությունների իմ գործընկերները դպրոցներում, բիզնեսներում և տեղական համայնքներում ակտիվորեն մշակում ենք արևային վահանակներ տեղադրելու նախագծեր։ Այդ մոդելներն արդյունավետ են։ Միայն անցյալ տարի կատարված ներդրումների շնորհիվ հաջողվել է 1 միլիոն դոլարի խնայողություն անել։ Այդ միջոցները վերաներդրվել են դպրոցական սննդի մեջ, ինչի արդյունքում ամբողջահատիկ ալյուրից հացը նույն գինն ունի, ինչ սպիտակ հացը, և այդպես շարունակ։ Դա նաև հնարավորություն է տվել ընդամենը մեկ տարվա ընթացքում ածխաթթու գազի արտանետումները կրճատել 3000 մետր տոննայով»։ 

Ըստ նրա՝ նախագծում ներկայում  232 օբյեկտ է ներգրավված, և WFP-ն բանակցություններ է վարում մասնավոր հատվածի և միջազգային ֆինանսական հաստատությունների հետ՝ այդ մոդելներն ընդլայնելու համար։ «Դա շրջանաձև տնտեսություն է. դուք համակարգը հանձնում եք համայնքին, նրանք գումար են խնայում և պարտավորվում են հինգ տարվա ընթացքում այդ գումարը վերաներդնել կայուն լուծումների մեջ՝ լինի դա սննդի անվտանգություն, թափոնների կառավարում, թե՝ այլ նախաձեռնություններ»։ 

Սկաուն միաժամանակ ընդգծեց, որ այս նախագծերը բավականին բյուջետային են։ «40 կիլովատտ հզորությամբ համակարգն 30 հազար դոլարից էլ պակաս արժի: Ներդրումների վերադարձն ապահովվում է հինգ տարվա ընթացքում. տարեկան խնայողությունները կազմում են 5-6 հազար դոլար: Այդ գումարն ուղղվում է համայնքների զարգացմանը: Դա հսկայական հնարավորություն է: Նորարարություն, որն արդյունավետ է, և ցանկացած ոք կարող է միանալ դրան»,- եզրափակեց նա: 

Նշենք, որ մայիսի 15-ին Երևանում տեղի ունեցավ «Կայուն զարգացում. կամուրջ՝ Բրազիլիայում անցկացվող COP 30-ի և Հայաստանում անցկացվող COP 17-ի միջև» համաժողովը։ Համաժողովը կազմակերպվել էր ICC Armenia-ի, Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի, Philip Morris Armenia LLC-ի և DWV-ի հետ համատեղ։

Rate this item
(0 votes)

Լրահոս

Ֆոտո

Օդի ջերմաստիճանը կբարձրանա 5-7 աստիճանով. եղանակը Հայաստանում

Հայտնի է Պուտին-Զելենսկի հանդիպման պայմանը

Մոսկվայի մետրոյի 90-ամյակի առթիվ գնացքների շքերթ է մեկնարկել․ կադրեր

Հայաստան կժամանի Կիպրոսի Հանրապետության Ներկայացուցիչների պալատի նախագահի գլխավորած պատվիրակությունը

Իսպանիայում հայտնել են՝ Զելենսկու վերջին «բեմական ներկայացումը» ՌԴ-ի օգտին էր

Ամենայն Հայոց Կաթողիկոսը մեկնել է Բելառուս

Այսօր տեղի կունենա «Եվրատեսիլ 2025»-ի եզրափակիչ փուլը

Արարատ Միրզոյանը շնորհավորել է Կանադայի ԱԳ նորանշանակ նախարարին

Իրանը ստիպված է առաջին անգամ բանակցություններ վարել` ԱՄՆ-ի կողմից ուժի կիրառման սպառնալիքի ներքո. Պետդեպ

Սպորտը և բաղնիքը չի կարելի համատեղել ալկոհոլի հետ. նարկոլոգ

Տարադրամի փոխարժեքները մայիսի 17-ին

«Կլինիկական մահ» ախտորոշմամբ Սպիտակի հիվանդանոց է տեղափոխվել երիտասարդ տղամարդու մարմին

«Հայտնի է՝ ինչ է Ռուսաստանը պահանջել Ուկրաինայից»․ Bloomberg

Իրանը չի վախենում սպառնալիքներից․ ԱՄՆ-ի հետ բանակցությունները կշարունակվեն. Փեզեշքիան

Սահարայից փոշու զգալի քանակություն է սպասվում