Print this page

Արաղչին «ավելի լուրջ և անկեղծ» է անվանել ԱՄՆ-ի հետ բանակցությունների 4-րդ փուլը

By Մայիսի 12, 2025 32

Իրանի արտգործնախարար Աբբաս Արաղչին հայտարարել է, որ Թեհրանի միջուկային ծրագրի շուրջ Վաշինգտոնի հետ բանակցությունների չորրորդ փուլը շատ ավելի լուրջ և անկեղծ էր՝ երկխոսության նախորդ երեք փուլերի համեմատ։

Այս մասին հաղորդում է IRNA լրատվական գործակալությունը։

«Բանակցությունների ընթացքը կարելի է գնահատել որպես հետևողական առաջընթաց», – ընդգծել է Իրանի արտգործնախարարը։

Ըստ Աբբաս Արաղչիի՝ Մասկատում բանակցությունների ընթացքում կողմերը խորը քննարկումներ են անցկացրել տարաձայնության առանցքային հարցերի շուրջ։

«Դրա շնորհիվ մենք կարողացանք հասնել ավելի հստակ փոխըմբռնման, և կողմերի դիրքորոշումները որոշակիորեն մոտեցան»,- նշել է նա։Նախարարը նաև հայտարարել է, որ կողմերը համատեղ որոշում են կայացրել շարունակել բանակցային գործընթացը։ «Իրանը և մյուս կողմը տրամադրված են շարունակել երկխոսությունը և լի են վճռականությամբ՝ շարժվելու դեպի փոխադարձ ընդունելի համաձայնություն», – հավելել է նա։

Արաղչին պարզաբանել է, որ բանակցությունների հաջորդ փուլի անցկացման շուրջ պայմանավորվածություն արդեն ձեռք է բերվել, սակայն հանդիպման հստակ օրն ու վայրը կհամաձայնեցվեն՝ հաշվի առնելով կողմերի աշխատանքային գրաֆիկը։ Նա հավելել է, որ կազմակերպչական հարցերը վստահված են Օմանի արտաքին գործերի նախարարին։

ԱՄՆ-Իրան բանակցությունների առաջին փուլը տեղի էր ունեցել ապրիլի 12-ին Օմանի մայրաքաղաք Մասկատում, երկրորդը՝ ապրիլի 19-ին Իտալիայի մայրաքաղաք Հռոմում, որտեղ Իրանը հայտարարել է, որ լուրջ տարաձայնություններ են մնացել։

Ապրիլի 26-ին Մասկատում տեղի էր ունեցել ԱՄՆ-ի և Իրանի միջև անուղղակի բանակցությունների երրորդ փուլը։

Rate this item
(0 votes)

Latest from Live24