Նիկոլ Փաշինյանը հուլիսի 9-ին աշխատանքային այցով մեկնում է Արաբական Միացյալ Էմիրություններ:
Այսօր Փաշինյանը կհանդիպի ԱՄԷ նախագահ Շեյխ Մուհամմադ բին Զայեդ Ալ Նահյանի հետ։
Հուլիսի 10-ին, Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության գործընթացի շրջանակում, Աբու Դաբիում տեղի կունենա երկկողմ հանդիպում՝ Նիկոլ Փաշինյանի և Ադրբեջանի Հանրապետության նախագահ Իլհամ Ալիևի միջև։
ԱՄՆ պետքարտուղարության մամուլի խոսնակ Թեմի Բրյուսն անդրադարձել է պետքարտուղար Մարկո Ռուբիոյի հայտարարությանը, որը հույս էր հայտնել, որ շատ շուտով Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության համաձայնագիր կկնքվի։
Թեմի Բրյուսը Մարկո Ռուբիոյի հայտարարությանն անդրադարձել է հուլիսի 8-ին կայացած ճեպազրույցի ընթացքում՝ պատասխանելով հարցին, թե արդյոք ԱՄՆ-ի կողմից ակտիվ ներգրավվածություն կա Հայաստանի և Ադրբեջանի միջև գործընթացներում, և ի՞նչն է ԱՄՆ պետքարտուղարին ստիպում հավատալ, որ այդ գործընթացներում դրական ավարտ է լինելու։ Թեմի Բրյուսն ընդգծել է, որ պետքարտուղարի համար կարևոր էր այդ հայտարարությունն անելը։
«Մենք ուրախ ենք բազմաթիվ պայմանավորվածությունների, հրադադարների և փոփոխությունների համար, որոնցում մենք ներգրավված ենք եղել։ Պետքարտուղարը դա ասելու համար պատճառ է ունեցել, և երբ մենք ավելի շատ մանրամասներ ունենանք, ես դրանք կտրամադրեմ ձեզ։
Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին նոր պատժամիջոցներ է սահմանել Ռուսաստանի, Բելառուսի, Չինաստանի և Թուրքիայի անհատների և ընկերությունների նկատմամբ։ Այս մասին հաղորդում է RBC-Ukraine գործակալությունը՝ հղում անելով պատժամիջոցների քաղաքականության հարցերով հանձնակատար Վլադիսլավ Վլասյուկին։
«Ուկրաինան համաձայնեցրել է Ռուսաստանի դեմ պատժամիջոցները Եվրամիության երեք փաթեթների հետ։ Ռուսաստանի դեմ ԵՄ պատժամիջոցների 15-րդ փաթեթում ներառված են ռուսներ, բելառուսներ, չինացիներ և այլ երկրների ներկայացուցիչներ», - ասվում է հոդվածում։
Աբովյան քաղաքի «Պիցցա Տաշիր» ՍՊԸ-ին պատկանող մասնաճյուղում (Հանրապետության 22/12) նորից կմատուցվի «Սուշի Բիգ Ֆիլադելֆիա» արտադրատեսակը, որի նմուշների լաբորատոր փորձաքննությունը հաստատել է. այն համապատասխանում է անվտանգության սահմանված նորմերին: Այս մասին հայտնում են ՍԱՏՄ-ից։
Արտադրատեսակի կասեցված արտադրական գործընթացը վերականգնվել է։
Անցյալ տարի Դոնալդ Թրամփը փակ հանդիպման ժամանակ հայտարարել էր՝ փորձել է Վլադիմիր Պուտինին հետ պահել Ուկրաինայի վրա հարձակվելուc` սպառնալով «ռմբակոծել Մոսկվան» ։ Այս մասին հայտնում է CNN-ը, որը հրապարակում է հայտարարության ձայնագրությունը։
«Ես Պուտինին ասել եմ՝ եթե ներխուժեք Ուկրաինա, Ես կկործանեմ Մոսկվան» - ասել Է Թրամփը։ Ձայնագրության համաձայն՝ Պուտինը պատասխանել է՝ չի հավատում Թրամփին։
Թրամփը հավելել է՝ նման նախազգուշացում է փոխանցել նաև ՉԺՀ Նախագահ Սի Ծինփինին Թայվան հնարավոր ներխուժման վերաբերյալ՝ հայտարարելով՝ ի պատասխան ԱՄՆ-ն կռմբակոծի Պեկինը:
ՀՀ քննչական կոմիտեն հերքում է Մայր Աթոռի տարածքում քննչական գործողություններ նախատեսելու մասին տեղեկությունները։
Այս մասին գրում են լրատվամիջոցները։
Ժամեր առաջ պետքարտուղար Ռուբիոն Թրամփին հայտնել է, որ հույս ունի՝ Հայաստանն ու Ադրբեջանը առաջիկայում խաղաղության համաձայնագիր կստորագրեն։ Ռուբիոն այդ հայտարարությունն արել է Թրամփի քաղաքականության արդյունքում տարբեր կոնֆլիկտներում խաղաղության հասնելու համատեքստում։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է միջազգայնագետ Սուրեն Սարգսյանը:
«Վերջին ամիսներին տարբեր խողովակներով տարաբնույթ տեղեկություններ էին հասնում առ այն, որ Պետդեպարտամենտը ոչ հրապարակային, բայց ակտիվ աշխատանք է տանում կողմերի հետ այս ուղղությամբ։ Թրամփի վարչակազմը այստեղ հաջողության հասնելու հնարավորություն է տեսնում և ցանկանում է ստանալ նաև իր դափնիները այս գործընթացի արդյունքում։ Չեմ բացառում, որ բանակցությունները կուլիսային բնույթ են կրում գործընթացը զերծ պահելու այլ ազդեցություններից:
Փաստացի, ԱՄՆ-ն որոշակի միջնորդական դեր ունի գործընթացում, չնայած այն հանգամանքին, որ կողմերը պնդում են, թե բանակցում են առանց միջնորդների»,- գրել է նա:
Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուի և ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հանդիպումը Սպիտակ տանը տևել է 90 րոպե։ Այն անցել է փակ դռների հետևում՝ ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսի ներկայությամբ, հայտնում է Axios պարբերականը, փոխանցում է ՌԻԱ «Նովոստին»։
Այսպիսով, Նեթանյահուն երկու անգամ հանդիպել է Թրամփի հետ ԱՄՆ մայրաքաղաք կատարած նրա այցի ընթացքում, առաջին հանդիպումը տեղի է ունեցել երկուշաբթի օրը։
Հանդիպմանը քննարկվել է Իսրայելի և պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժման միջև հրադադարի մասին հնարավոր գործարքը։
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Արգենտինայի Հանրապետության նախագահ Խավիեր Միլեյին ազգային տոնի առթիվ, որում, մասնավորապես, ասված է.
«Ջերմորեն շնորհավորում եմ Ձեզ Արգենտինայի Հանրապետության Ազգային տոնի առթիվ՝ մաղթելով խաղաղություն և բարօրություն։
Վստահ եմ, որ Հայաստանի և Արգենտինայի միջև ամուր բարեկամության և ընդհանուր արժեքների վրա հիմնված հարաբերությունները կշարունակեն զարգանալ և ամրապնդվել՝ ի շահ մեր ժողովուրդների:
Հավատացած եմ, որ ձևավորված բազմաշերտ համագործակցությունն ապագայում առավել կընդլայնվի՝ նպաստելով մեր երկրների բարգավաճմանն ու առաջընթացին։
Ուրախ եմ արձանագրել, որ սեպտեմբերի 29-ից հոկտեմբերի 3-ը Երևանում նախատեսվում է Հայաստան-Արգենտինա գործարար համաժողովի անցկացումը: Օգտվելով առիթից՝ պատիվ ունեմ Ձեզ վերահաստատելու համաժողովի օրերին կամ Ձեզ համար ընդունելի այլ ժամկետներում Հայաստան այցելելու հրավերը:
Համոզված եմ, որ Հայաստան Ձեր այցը պատեհ առիթ կհանդիսանա քաղաքական, տնտեսական, մշակութային և այլ ոլորտներում մեր երկրների համատեղ ձեռքբերումներն արձանագրելու և առավել հավակնոտ օրակարգ նախանշելու համար»:
Երեկ՝ հուլիսի 8-ին՝ ժամը 16:00-ի սահմաններում՝ ՊՆ N զորավարժադաշտում ուսումնական պարապմունքի ընթացքում պայթյունի հետեւանքով տուժածների կյանքին վտանգ չի սպառնում, նրանք հոսպիտալի բուժանձնակազմի հսկողության ներքո են և ստանում են անհրաժեշտ բուժօգնություն։ Այս մասին հայտնեցին ՀՀ ՊՆ–ից։
Հիշեցնենք, որ Պաշտպանության նախարարությունը երեկ հայտնել էր․ «Հուլիսի 8-ին՝ ժամը 16:00-ի սահմաններում՝ ՊՆ N զորավարժադաշտում ուսումնական պարապմունքի ընթացքում, նախնական տվյալներով, ականանետային կրակոցի պայթյունի հետևանքով կան տուժածներ: Դեպքի հանգամանքներն ամբողջովին պարզելու նպատակով ընթանում է քննություն: Տուժածների առողջական վիճակի վերաբերյալ, ըստ անհրաժեշտության, կտրվի լրացուցիչ տեղեկատվություն | ՀՀ ՊՆ Մանրամասներ քիչ անց եւս կներկայացնենք»,- ասված էր հաղորդագրության մեջ։