Նովակ Ջոկովիչը՝ Australian Open-ի 7-ակի չեմպիոն

Սերբը մրցակցին ոչ մի շանս չտվեց

Մելբուրնի «Ռոդ Լեյվեր Արենայում» կայացավ Ավստրալիայի բաց առաջնության  տղամարդկանց մրցաշարի եզրափակիչը:

Տիտղոսի համար պայքարում էին  աշխարհի առաջին ռակետ Նովակ Ջոկովիչը և աշխարհի երկրորդ ռակետ Ռաֆաել Նադալը:

Թվում էր, թե անզիջում պայքար է սպասվում, սակայն ամեն ինչ այլ կերպ ընթացավ: Նադալը, որն այս տարի Մելբուրնում դեռ ոչ մի սեթ չէր պարտվել, եզրափակչում Ջոկովիչին զիջեց 3 սեթ անընդմեջ: Սերբը հաղթեց 6:3, 6:2 6:3 հաշվով:

Այսպիսով, Ջոկովիչը ռեկորդային՝ 7-րդ անգամ դարձավ Ավստրալիայի Բաց առաջնության չեմպիոն՝ նվաճելով երրորդ անընդմեջ Grand Slam-ը (նախորդ մրցաշրջանում Ջոկովիչը հաղթել էր Ուիմբլդոնում և ԱՄՆ-ի Բաց առաջնությունում՝ US Open-ում)։ Ընդհանուր առմամբ Ջոկովիչը Մեծ սաղավարտի մրցաշարերում հաղթել է 15, Նադալը՝ 17, իսկ առաջատարը շարունակում է մնալ շվեյցարացի Ռոջեր Ֆեդերերը իր 20 տիտղոսներով:

Նշենք, որ սա թենիսիստների 53-րդ հանդիպումն էր և Ջոկովիչի թվով 28-րդ հաղթանակն այս դիմակայությունում։