Փակել օդային տարածքը ռուսական ինքնաթիռների համար. ԱՄՆ-ն Ուկրաինայում հակահրթիռային պաշտպանության ինտեգրված համակարգ կստեղծի

Մանրամասներ
ա

Միացյալ Նահանգները դիտարկում է Ուկրաինայում հակաօդային և հակահրթիռային պաշտպանության ինտեգրված համակարգ ստեղծելու հնարավորությունը, որը կմիավորի կարճ, միջին և հեռահար միջոցները, չորեքշաբթի հայտարարել են ԱՄՆ շտաբի պետն ու պաշտպանության նախարարը, գրում են Լրագիրը և BBC-ն։

«Այս բոլոր միջոցների համակցումը հնարավորություն կտա փակել օդային տարածքը ռուսական ինքնաթիռների համար»,- ասել է ԱՄՆ շտաբի պետերի միացյալ կոմիտեի նախագահ Մարկ Միլին՝ պարզաբանելով, որ խոսքը ոչ թե Ուկրաինայի ողջ օդային տարածքի մասին է, այլ կոնկրետ շրջանների եւ օբյեկտների, որոնք Ուկրաինան պետք է պաշտպանի։

Մարկ Միլին և Լլոյդ Օսթինը մամուլի ասուլիս են հրավիրել Բրյուսելում, որտեղ Ուկրաինայի դաշնակիցները հանդիպում են Ռամշտայն ձևաչափով։

Դեռ հուլիսին դաշնակիցները խոստացել էին Ուկրաինային փոխանցել նորվեգական-ամերիկյան NASAMS հակաօդային պաշտպանության համակարգերը։ Պաշտպանության նախարար Լլոյդ Օսթինի հայտարարությունից հետևում է, որ խոսքը հիմնականում NASAMS-ի մասին է։ Ավելի վաղ ԱՄՆ-ը հայտարարել էր, որ նախատեսում է ութ նման կայանք փոխանցել Ուկրաինայի զինված ուժերին։

«Մենք համակարգերը կմատակարարենք այնքան արագ, որքան դա ֆիզիկապես հնարավոր է», – Լլոյդ Օսթինի խոսքերը մեջբերում է Agence France-Presse-ը:

«Մենք կփոխանցենք այն համակարգերը, որոնք ունենք […] Եվ մենք կփորձենք լրացուցիչ զինամթերք մատակարարել այն համակարգերի համար, որոնցով այժմ զինված են ուկրաինացիները: Աշխարհում կան հակաօդային պաշտպանության բազմաթիվ ազատ համակարգեր: Խնդիրը լինելու է դրանք միացնելը և տեղակայելը»,- իր հերթին ավելացրել է Միլին։