Պետք է խուսափենք Արցախի և ՀՀ-ի միջև բաժանարար գծեր քաշելուց

Երբ ներսում չունես միասնություն, դրսում չես կարող հաջող բանակցել

Բանակցային գործի մասնագետ Արթուր Մարտիրոսյանի (CMPartners, Քեմբրիջ, ԱՄՆ) խոսքով՝ բոլոր տեսակի բանակցային գործընթացները երկու փուլի են բաժանվում՝ ներսի և դրսի, և երբ ներսում բանակցությունները չեն ստացվում,  թուլանում ես, երբ ներսում միասնություն չունես, դրսում էլ չես կարող հաջող բանակցել: 

Նա Tert.am-ի հետ զրույցում նման դիտարկումներ արեց՝ անդրադառնալով Հայաստանի և Արցախի իշխանությունների միջև վերջին շրջանում նկատվող հակասություններին, Նիկոլ Փաշինյանի հայտարարություններին, որ Արցախում իրեն զրպարտում են՝ ասելով, որ ինքը պատրաստվում է «հողեր ծախել» և այլն:

«Դա աքսիոմա է, և մենք պետք է շատ լուրջ մոտենանք այդ հարցերին, և պետք է ամեն կերպ խուսափենք բաժանարար գծեր քաշելուց, հարաբերությունները սրելուց, լեզվակռվից»,- ասաց նա:

Արթուր Մարտիրոսյանի խոսքով՝ Հայաստանի և Արցախի ղեկավարների միջև տեղի ունեցողը դեռևս «պոլեմիկա» է․ Հայաստանի որոշ ուժեր կարծես սպասում են, որ Արցախում էլ պետք է հեղափոխություն լինի, Արցախը պետք է «մաքրվի»:

«Բայց ես վերջերս Ղարաբաղում էի, և չտեսա, որ այնտեղի ժողովուրդը պատրաստվում է այդ ձևերով իշխանություն փոխելուն: Նրանք սպասում են 2020 թվականի  ընտրություններին: Երևի դժվար ընտրություններ լինեն, բայց նրանք այդ ընտրություններին են սպասում,- ասաց նա՝ նշելով, որ չպետք է Հայաստանից  ինչ-որ ճնշում գործադրվի, որ անպայմանորեն Արցախում էլ լինի այն, ինչ եղավ Հայաստանում,- տարբերություններ կան, և մենք պետք է շատ զգույշ մոտենանք, չսրենք այդ հարաբերությունները: Եվ դա վերբերում է երկու կողմերին էլ՝ մի կողմն անում է անընդունելի հայտարարություններ, մյուս կողմը սկսում է պատասխանել, մտնում են լեզվակռվի մեջ, և դա կարող է շարունակություն ունենալ»:

Բանակցային գործի մասնագետը համաձայնեց, որ, այնուամենայնիվ, Արցախի նախագահն ավելի զուսպ է իր արձագանքներում: Նա նկատեց, որ դա է ճիշտը:

«Երկու կողմերն էլ պետք է ավելի զսպված մոտենան հանրային այդ հարցերին: Նրանք պետք է նստեն դեմ-դիմաց, քննարկեն, խոսեն, եթե ինչ-որ տարաձայնություններ կան, պատկերացումներն այլ են: Պետք չէ ամեն ինչ հանրայնացնել և սրել դրանով հարաբերությունները»,- ասաց նա:

Արթուր Մարտիրոսյանի նկատառմամբ՝ Հայաստան-Արցախ հարաբերություններում նկատվող լարվածությանը հետևում է թե՛ հակառակորդ՝ ադրբեջանական կողմը, թե՛ միջազգային հանրությունը, և նրանք անում են իրենց եզրակացությունները:

«Եթե մենք մեզ դնենք մյուս կողմի տեղը, ապա կնկատենք, որ այս 25 տարիների ընթացքում իրենց դիսկուրսն այն մասին, թե ինչու են պարտվել, այն է, որ նախևառաջ երրորդ կողմը՝ Ռուսաստանը, օգնեց հայերին, բայց նաև իրենք ասում են, որ իրենց ներսում էլ ունեին խնդիրներ, դրա համար պարտվեցին: Եվ այդ մեկնաբանությունը ճիշտ է: Եկեք այնպես անենք, որ մենք չունենանք ներսից պառակտումներ, որ մենք թուլանանք ներսից և չկարողանանք ոչ բանակցել, ոչ էլ այն ուժը ներկայացնել, որը կզսպի թշնամուն՝ դրանով նրան նաև առիթ տալով, որ սպառնա ուժով, և հայկական կողմը ընդունի հարցի իրենց ցանկալի լուծումը»,- ասաց նա: