Մահ եւ ծանր հաշմանդամություն. Ինչո՞վ են վտանգավոր քնաբերները

Մասնագետների խոսքով՝ լուսնոտության զարգացումը կարող է տեղի ունենալ քնաբերի ինչպես առաջին դեղաչափն ընդունելուց հետո, այնպես էլ ավելի երկարատեւ բուժման դեպքում, նշվում է, որ լուսնոտություն կարող է առաջացնել նույնիսկ ցածր դեղաչափով տրվող քնաբերից

ԱՄՆ Սննդամթերքի եւ դեղորայքի որակի սանիտարական հսկողության վարչությունը (FDA) հայտարարել է քնաբերների վերահսկողության խստացման մասին:

Դրա պատճառը քնաբեր ընդունելուց հետո լուսնոտության դեպքերն են, որոնք ավարտվել են մահվամբ կամ ծանր վնասվածքներով: Չնայած նման պատահարների ոչ մեծ թվին (ամերիկացի պաշտոնյաները նշում են 66 դեպքի մասին), փորձագետներն անհրաժեշտ են համարում ուշադրություն դարձնել եղած փաստերի վրա:

Մասնագետների խոսքով՝ լուսնոտության զարգացումը կարող է տեղի ունենալ քնաբերի ինչպես առաջին դեղաչափն ընդունելուց հետո, այնպես էլ ավելի երկարատեւ բուժման դեպքում: Նշվում է, որ լուսնոտություն կարող է առաջացնել քնաբերի խորհուրդ տրվող դեղաչափերից նույնիսկ ամենացածրը:

FDA նշած 66 դժբախտ դեպքերը լուսնոտության հետեւանք են, 20-ն ավարտվել է մահվամբ շմոլ գազով թունավորվելու, ջրահեղձ լինելու, ընկնելու, ցրտահարվելու, ճանապարհային պատահարի եւ ինքնասպանության հետեւանքով: Մնացյալ 46 մարդիկ վնասվածքներ են ստացել ցրտահարվելու, այրվածքների, ընկնելու եւ ինքնասպանության փորձերի հետեւանքով:

FDA-ի որոշմամբ՝ նման քնաբերների փաթեթների վրա, ինչպես, օրինակ, էսզոպիկլոնի (eszopiclone), զալեպլոնի (zaleplon) եւ զոլպիդեմի (zolpidem), պետք է լինի համապատասխան զգուշացում: Այս պահին որոշումը տարածվում է ԱՄՆ տարածքում իրացվող դեղամիջոցների վրա: