Ձեռքերի դողՁեռքերի դողի 3 տեսակ, որոնք կարող են վկայել լուրջ խանգարումների մասին

Այս խանգարումը կարող է զարգանալ բավական դանդաղ ու աննկատ և դրա առաջին ախտանշանը հենց վերջույթների դողն է

Ձեռքերի դողը հաճախ է ի հայտ գալիս սթրեսի ու նյարդային լարվածության դեպքում, սակայն երբեմն այն վկայում է բավական լուրջ խնդիրների մասին, որոնք ոչ մի դեպքում չի կարելի անտեսել: Ձեր ուշադրությանն ենք ներկայացնում ձեռքերի դողի երեք տեսակ, որոնք պայմանավորված են առողջական լուրջ խնդիրներով:

Դող Պարկինսոնի հիվանդության դեպքում

Այս խանգարումը կարող է զարգանալ բավական դանդաղ ու աննկատ և դրա առաջին ախտանշանը հենց վերջույթների դողն է: Պարկինսոնի հիվանդությունը հաճախ շփոթում են էսենցիալ դողի հետ, սակայն վերջինն ի հայտ է գալիս մկանների լարվածության ու վերջույթների շարժումների դեպքում, մինչդեռ Պարկինսոնի հիվանդությանը բնորոշ է հանգստի դողը, մկանների տոնուսի բարձրացումը (ռիգիդություն, կարծրություն) և այլն: Հարկ է հիշել, որ ցանկացած դեպքում դողի առկայությունը լուրջ պատճառ է բժշկին դիմելու համար:

Դիրքային (պոստուրալ) դող

Դողի այս տեսակը հատկապես նկատելի է ձեռքերն առաջ պարզելու փորձերի դեպքում: Դողի այս տեսակի պատճառ կարող է հանդիսանալ թունավորումը, մասնավորապես, ալկոհոլային թունավորումը: Այս դեպքում ախտանշանները կմեղմվեն օրգանիզմից տոքսինների դուրս գալու հետ մեկտեղ: Սակայն դիրքային դողը կարող է կապված լինել նաև վահանագեղձի հիվանդություններով, ուստի նման դեպքերում հարկավոր է ստուգել նաև այս օրգանը:

Բացի այդ, դողի այս տեսակը կարող է վկայել նաև տագնապի ու նյարդաբանական այլ խանգարումների մասին: Այս դեպքում դողից ազատվելու համար հարկավոր է բուժումն սկսել նևրոզից:

Գործողության (ինտենցիոն) դող

Դողի այս տեսակի դեպքում մարդը չի կարողանում փակ աչքերով մատով դիպչել քթի ծայրին, քանի որ ձեռքերը դողում են: Հանգստի ժամանակ, սակայն, դող չի նկատվում: Մասնագետների խոսքով՝ գործողության դողը վկայում է նյարդային համակարգի և անգամ գլխուղեղի լուրջ վնասվածքների մասին: Բացի այդ, նման դող է նկատվում նաև լյարդային ու երիկամային անբավարարության դեպքում, ուստի այս ախտանշանի առկայության դեպքում հարկավոր է անհապաղ դիմել մասնագետին:

Նյութի աղբյուրը՝ medikforum.ru, գրում է tert.am: