Պարզապես ծիծաղելի է. լոզունգների ու ցանկությունների հավաքածու է

Հեղափոխական էյֆորիայից առաջացած զանգվածների ոգևորվածությունն ակնհայտորեն սկսել է փոխարինվել չիրականացվող սպասումներից առաջացող հիասթափությամբ

2018 թվականի դեկտեմբերի 7-ին Վերաքննիչ դատարանը մերժեց ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի պաշտպանական թիմի բողոքները և անփոփոխ թողեց առաջին ատյանի դատարանի հուլիսի 27-ի որոշումը, համաձայն որի՝ Ռ. Քոչարյանի նկատմամբ որպես խափանման միջոց էր ընտրվել կալանավորումը: Որոշման համաձայն` նույն օրը երեկոյան ՀՀ երկրորդ նախագահը կալանավորվեց և մինչ օրս գտնվում է Երևանի Կենտրոն քրեակատարողական հիմնարկում։ Օրեր առաջ «168 Ժամը» հարցաշար էր ուղարկել Ռոբերտ Քոչարյանին։ Ստորև ներկայացնում ենք մեր հարցազրույցը ՀՀ երկրորդ նախագահի հետ։

– Ծանոթացե՞լ եք արդյոք Կառավարության ծրագրին։ Ինչպե՞ս կգնահատեք այն։

– Այո, ծանոթացել եմ։ Դա ծրագիր է ծրագրի բացակայության մասին, և տնտեսական 5%-անոց աճով խոսել դրա հեղափոխականության մասին՝ պարզապես ծիծաղելի է։ Լոզունգների ու ցանկությունների հավաքածու է, որը բացահայտում է իշխող կուսակցության լիակատար անկարողությունը և անպատրաստվածությունը՝ ստանձնելու երկրի բեկումնային զարգացման և մեր համաքաղաքացիների կյանքի որակի բարելավման ուղղությամբ կոնկրետ և հավակնոտ պարտավորություններ։ Այս փաստը շեշտում է յուրաքանչյուր ոք, ով գոնե ինչ-որ չափով գլուխ է հանում տնտեսությունից։ Իշխանությունն այդպես էլ չհասկացավ, որ երկրի ներդրումային գրավչության տեսանկյունից «հեղափոխություն» բրենդը բոլոր հնարավորներից վատագույնն է։ Իսկ աղքատության պատճառը մարդկանց գլուխ­ներում չէ, այլ իշխանավորների ողորմելի մտածելակերպի մեջ է։ Ի դեպ, Ազգային ժողովում դրա շուրջ կառուցողական քննարկում, ցավոք, չստացվեց. այն պատճառով, որ վարչապետը հիվանդագին է ընդունում որևէ քննադատություն։ Այնպես որ, բարի գալուստ նոր իրականություն։

– Դուք և՞ս կարծում եք, որ հասարակության տրամադրությունները փոխվում են։ Ըստ Ձեզ՝ ի՞նչ է սպասվում այս առումով մոտ ապագայում։

– Հեղափոխական էյֆորիայից առաջացած զանգվածների ոգևորվածությունն ակնհայտորեն սկսել է փոխարինվել չիրականացվող սպասումներից առաջացող հիասթափությամբ։ Ինչպես հայտնի է սոցիալական հոգեբանությունից, նման դեպքերում, որպես կանոն, էյֆորիան վերածվում է զայրույթի կամ ապատիայի։ Առաջանում է խաբվածության զգացողություն, և մարդիկ, բնականաբար, սկսում են մեղավորների փնտրել։ Սովորաբար մեղավոր են դառնում նրանք, ում հետ կապվում էին նրանց գերազանցված սպասումներն ու հույսերը։ Այդպես եղավ 1991-ի նախագահական ընտրություններից հետո, և այն ժամանակ էյֆորիան փոխարինվեց ՀՀՇ-ի հանդեպ ատելությամբ։ Ժամանակը ցույց կտա, թե հիմա ինչպես կընթանան գործընթացները։ Ըստ ամենայնի՝ աշնանը մոտ իշխանությունների վարկանիշը այնչափ կգահավիժի, որ նրանց լեգիտիմության հարցն արդիական կդառնա։ Ի՞նչ կլինի հետո։ Խումհար՝ բոլոր այն զգացողություններով, որոնցով բնորոշվում է այդ վիճակը։

– Ձեր դեմ հարուցված գործում նոր մեղադրանք է առաջ եկել, որը կապված է Սիլվա Համբարձումյանի ցուցմունքների հետ։ Ինչպե՞ս եք գնահատում այդ մեղադրանքի հայտնվելը։ Չէ՞ որ այն որևէ կերպ չի առնչվում հիմնական մեղադրանքին։

– Նոր մեղադրանքն ասես ՀՔԾ-ում գրված էժան գրոտեսկային կատակերգության սցենար լինի, որտեղ գլխավոր հերոս է հանդիսանում ամենահաս ու կասկածելի գործարար վարկ ունեցող մի տիկին։ Այդ տիկնոջ գոյության, ինչպես և նրա գործերի մասին ես ոչ մի պատկերացում չեմ ունեցել։ Ընդ որում, այդ «գործում» ներգրավված անձանցից ոչ մեկը չեն հաստատում նրա ցուցմունք-հեքիաթները։ Կարծում եմ՝ իշխանությունները հնարեցին այս մեղադրանքը և կապեցին այն «Մարտի 1»-ի գործին մի նպատակով՝ ազդելու իմ հանդեպ քաղաքական հետապնդում իրականացնելու՝ հասարակության մեջ արդեն իսկ կարծրացած կարծիքի վրա։

Ինչ վերաբերում է իբր «սահմանադրական կարգի տապալման» մեղադրանքին, ապա պետք է կրկնվեմ. դա բացարձակ անհեթեթություն է։ Մեղադրանքի բոլոր 76 հատորների 90 տոկոսը ոչ մի կապ չունի ՔՕ 300․1 հոդվածի հետ, որը, ի դեպ, գոյություն չուներ 2008 թվականի մարտին, և այդ իսկ պատճառով դրա կիրառումն անհնար է։ Դրա հետ մեկտեղ՝ առկա է իմ անձեռնմխելիության հարցը, քանի որ իմ գործողությունները բխել են բացառապես նախագահի լիազորություններից։

Հասցրել եմ ծանոթանալ մեղադրանքի նյութերին և չեմ գտել մի բան, որ կարելի կլիներ ինչ-որ կերպ մեղսագրել ինձ, Միքայել Հարությունյանին, Սեյրան Օհանյանին և Յուրի Խաչատուրովին։ Այս «քրեական գործը» պատվիրած ու սարքած մարդիկ ծանր հանցագործություն են կատարում և անկասկած պատժվելու են։ Ողջ տեղի ունեցողից արդարադատության հոտ նույնիսկ չի գալիս։ Սա դասական քաղաքական վենդետա է։

– Ինչպե՞ս կմեկնաբանեք Ձեզ որդուն առաջադրված մեղադրանքն ու գործն ընդհանրապես։

– Բացարձակապես մտացածին մեղադրանք է։ Իշխանությունը զուրկ է բարոյականությունից և տարատեսակ աճպարարությունների ու խորամանկությունների է դիմում ինձ ինչ-ինչ կոռուպցիոն գործերի խառնելու համար։ Դրա համար էլ ընտանիքս թիրախ են դարձրել, իհարկե, ինձ՝ քաղաքական հետապնդումների ենթարկելու համատեքստում։ Իրենց մտադրություններն ամենայն պարզությամբ երևացին դեռևս ամռանը, սկանդալային գաղտնալսումների հրապարակման հետ մեկտեղ։ Նմանատիպ իրավական ամենաթողություն Հայաստանում եղել է միայն 90-ականներին՝ ՀՀՇ-ի իշխանության օրոք, երբ քաղաքական հակառակորդների հետ վարվում էին՝ ինչպես կուզեին, ընդհուպ՝ մինչև ֆիզիկական ոչնչացում, իսկ նրանց հարազատների հետապնդումը սովորական մի բան էր։

– Ծանո՞թ եք արդյոք Լևոն Տեր-Պետրոսյանի հայտարարություններին՝ այն մասին, թե Փաշինյանն իր հոգեզավակը չէ, և, որ նրանք սերտորեն չեն համագործակցում։ Ինչպե՞ս կգնահատեք նրա այդ հայտարարությունները։

– Նրանք շատ նման են՝ աշխարհայացքներով, աշխատանքի մեթոդներով, խառնվածքով ու ցինիզմի աստիճանով: Այդ նմանությունն անմիջապես աչքի է զարնում, ինչով և բացատրվում են իրենց սերտ համագործակցության թեմայով մեծաքանակ հրապարակումները։ Եվ բացարձակ կարևոր չէ, թե որքան հաճախ են նրանք շփվում։ «Քաղաքացիական պայմանագիրը»՝ իր առաջնորդի հետ միասին, այսպես թե այնպես, ընկալվում է՝ որպես ՀՀՇ-ի ռեինկարնացիայի պրիմիտիվ տարբերակ։

– Ինչպե՞ս կգնահատեք մարտի 1-յան երթը և վարչապետի՝ այդ օրվա ելույթը։

– Ցավոք, կրկին տեսնում ենք, թե ինչպես է վարչապետը հերթական անգամ փորձում խաղալ մարդկանց անկեղծ զգացմունքների վրա։ Իրավիճակի հեգնանքը կայանում է նրանում, որ հենց մարտի 1-ի ողբերգության գլխավոր մեղավորներն են դարձել այդ իրադարձությունների զգայական հետևանքների հիմնական շահագործողները։ Թերևս, արվածի համար մեղքի զգացումը հանգիստ չի տալիս նրանց ենթագիտակցությանը ու նույնիսկ 11 տարի անց թույլ չի տալիս ապաշխարել և բացել հաշտության էջը։ Ամեն ինչ տեղի է ունենում Ֆրեյդի ուսմունքի համաձայն։ Նրանց համար 10 զոհերի հարազատների ու բարեկամների կորստի դառնությունը շարունակում է իրենց քաղաքական նպատակներին հասնելու գործիք մնալ։

Ըստ ամենայնի, հասարակության բևեռացումը, ներքին լարվածության ու դիմակայության մշտական օջախների ստեղծումը Հայաստանի իշխանությունների աշխատանքի էությունն են դարձել։ Դա ոչ մի լավ բանի չի բերելու։

– Դեռ անցած տարվա հուլիսին Դուք հայտարարեցիք, որ վերադարձել եք մեծ քաղաքականություն և մտադիր եք ակտիվ մասնակցություն ցուցաբերել բոլոր քաղաքական գործընթացներին։ Ձեր ծրագրերը չե՞ն փոխվել։

– Ոչ, իհարկե չեն փոխվել։ Ես մտադրություններից և պլաններից հեշտ չեմ հրաժարվում, առավել ևս՝ ճնշման տակ։

– Ինչո՞վ եք զբաղվում այս օրերին։

– Շատ կարդում եմ և, իհարկե, մարզվում, որպեսզի լավ մարզավիճակում մնամ։ Սկսել եմ գրել գրքի շարունակությունը։

Հարցազրույցը՝ «168 Ժամի» 

Մաս 2-րդ