Ինչպես անվախ Մակրոնը «փրկեց» Արցախը, այնպես էլ «փրկելու» է Հայաստանը․ Ֆրանսիայի կեղծ երաշխիքները․ Le Figaro

Մանրամասներ
նիկոլ

Ֆրանսիական հեղինակավոր Le Figaro-ն ծավալուն անդրադարձ է կատարել Արցախի հարցում նախագահ Էմանուել Մակրոնի տված խոստումներին, նախաձեռնություններին և նրան, թե ինչպես ի վերջո Ֆրանսիայի նախագահը հետ կանգնեց Արցախի ժողովրդին օգնելու իր պատրաստակամությունից, փոխանցում է lurer.com-ը: Դիցուք՝ հոդվածագիրը նշում է, որ 2023 թվականի հունվարին մի շարք հայամետ ակտիվիստներ, այդ թվում՝ ֆուտբոլիստ Յուրի Ջորկաեֆը և ֆրանսիացի գրող Սիլվեն Տեսոնը, հանդիպել են Մակրոնի հետ և այդ հանդիպման ընթացքում մտքեր են փոխանակվել Արցախի ադրբեջանական շրջափակումը ճեղքելու վերաբերյալ։

Ուշագրավ է, որ ըստ հոդվածագրի՝ Մակրոնը հանդես է եկել ի աջակցություն այդ բոլոր առաջ քաշված գաղափարների:

Առաջարկվում էր նախագահական այց կատարել Լաչինի շրջան, ինչպես Միտերանը Սարաևոյում արեց, որպեսզի հրապարակայնորեն և տեղական մակարդակով հայտարարեն ներկա իրավիճակի անընդունելիության մասին:

Կազմակերպել մարդասիրական համաժողով՝ օգնելու արցախցի հայերին, ովքեր զրկված են սննդից և դեղորայքից։

Ավելի ուշ նախագահ Մակրոնը խանդավառությամբ արձագանքում է Ֆրանսիայի հայկական կազմակերպությունների խորհրդի (CCAF) համանախագահ Ֆրանկ Փափազյանի առաջարկին՝ մարդասիրական շարասյունը Արցախ առաջնորդելու վերաբերյալ։

Սակայն, ինչպես գիտենք, վերը նշված առաջարկներից և ոչ մեկն էլ իրականություն չդարձավ:

Դատելով հոդվածից՝ պատճառը եվրոպական երկրների միջև կոնսենսուսի բացակայությունն էր՝ պայմանավորված ադրբեջանական գազից նրանց կախվածությամբ:

Գաղտնիք չէ, որ Եվրամիությունը շարունակում է համագործակցել Ադրբեջանի հետ գազի մատակարարման հարցում և ակնկալում է, որ մինչև 2027 թվականը մատակարարման ծավալներն անցյալ տարվա 11,3 միլիարդ խորանարդ մետրից  կավելանան մինչև 20 միլիարդ:

Ադրբեջանից գազի արտահանման ընդհանուր ծավալում Եվրոպային բաժին է ընկել 7,6 մլրդ խմ կամ բոլոր մատակարարումների 48%-ը։

Եվ հենց սա է պատճառը, որ նախորդ տարվա սեպտեմբերին Արցախին օգնել պատրաստվող Մակրոնը ոչ միայն չկատարեց իր խոստումները, այլ մի բան էլ հայտարարում է, որ Արցախում հայերի էթնիկ զտման համար Ադրբեջանի դեմ պատժամիջոցների կիրառումն անարդյունավետ է:

Այսօր Ֆրանսիան հանդիսանում է Հայաստանը ՌԴ-ից պոկելու և արևմտյան ճամբար «բերման ենթարկելու» առաջամարտիկներից մեկը՝ անգամ չտալով որևէ անվտանգության երաշխիք Ադրբեջանի նոր ագրեսիայի դեպքում:

Այս հոդվածը և այն իրողությունները, որոնց վրա ֆրանսիացի լրագրողները լույս են սփռել, հուշում են, որ ինչպես անվախ Մակրոնը «փրկեց» Արցախը, այնպես էլ «փրկելու» է Հայաստանը։