Մակրոնի համար վստահ հաղթանակ են կանխատեսում Ֆրանսիայի նախագահական ընտրություններում. Ipsos-ը հարցում է արել

Մանրամասներ

ա

Ֆրանսիայի գործող նախագահ Էմանուել Մակրոնը այս ապրիլին կարող է վերընտրվել երկրորդ ժամկետի համար, թեեւ ընտրությունների վերջնական արդյունքները կախված են այն բանից, թե ով կլինի նրա մրցակիցը երկրորդ փուլում։ Նման եզրակացություններ է պարունակում Ipsos միջազգային հետազոտական ընկերության կողմից 2021 թվականի դեկտեմբերի 14-17-ը 12 400 չափահաս ֆրանսիացիների շրջանում անցկացված հասարակական կարծիքի հարցումը, փոխանցում է ՏԱՍՍ-ը։

«Ընտրողների ձայների 25%-ով Էմանուել Մակրոնը շարունակում է գլխավորել մրցավազքը։ Հենվելով իր բազայի վրա՝ նրան հաջողվել է պահպանել 2017 թվականին իր օգտին քվեարկած ընտրողների 2/3-ի հավատարմությունը, ինչպես նաեւ շահել 2017 թվականին Ֆրանսուա Ֆիյոնի օգտին քվեարկածների զգալի մասի (29%) համակրանքը։ Իրեն ամենամոտ գտնվող մրցակիցներից տարբերությունը մոտ 10 միավոր է, [«Հանրապետականներ» կուսակցության թեկնածու] Վալերի Պեկրեսը եւ [«Ազգային միավորում» կուսակցության թեկնածու] Մարին Լը Պենը յուրաքանչյուրը կարող են ակնկալել 15,5% ձայներ»,- ասվում է հետազոտության մեջ:

Ի տարբերություն հարցման, որը հրապարակվել է Պեկրեսի թեկնածության հայտարարումից հետո (17%), նա որոշ չափով կորցրել է աջակցությունը, մինչդեռ Լը Պենը, ընդհակառակը, շարունակում է վերականգնել ընտրական բազան՝ այժմ նրա համար պատրաստ է քվեարկել 2017 թվականին աջակցողների 58%-ը (+3 տոկոսային կետ)։

Ներկայիս նախագահական մրցավազքում Լը Պենի եւ Պեկրեսի ամենամոտ հետեւորդը ծայրահեղ աջ քաղաքական գործիչ եւ հրապարակախոս Էրիկ Զեմուրը, մի փոքր կորցրել է ֆրանսիացիների համակրանքը եւ այժմ վիրտուալ վարկանիշում չորրորդ տեղում է` 13% պոտենցիալ ձայներով: Ի դեպ, պետք է նշել, որ այս հարցումն անցկացվել է մինչ հայտնի կդառնար, որ Լը Պենի կուսակցության երկու ներկայացուցիչներ՝ Եվրախորհրդարանի «Նույնականացում եւ դեմոկրատիա» աջ խմբակցությունում Ֆրանսիայի պատվիրակության ղեկավար Ժերոմ Ռիվյերին եւ եվրախորհրդարանական Ժիլբեր Կոլարին, անցել են նրա «Ռեկոնկիստա» կուսակցություն: