Ռամշտայնի ավիաբազայի աշխատողները գործադուլի դուրս կգան ՆԱՏՕ-ի երկրների հանդիպման օրը

Մանրամասներ

Գերմանիայի Ռամշտայն ավիաբազայի աշխատակիցները գործադուլ կանցկացնեն ուրբաթ օրը, երբ ավիաբազայում նախատեսված է ՆԱՏՕ-ի երկրների և նրանց դաշնակիցների՝ Ուկրաինային աջակցելու հարցով շփման խմբի հանդիպումը: Այդ մասին տեղեկանում Է «РИА Новости» գործակալությունից:

«Ուրբաթ օրը դեպի ԱՄՆ-ի Ռամշտայն ավիաբազա ավտոերթ կատարելու միջոցով այնտեղ տեղակայված ուժերի աշխատակիցները ցանկանում են ընդգծել իրենց աշխատավարձի պահանջները», – մեջբերել է DPA գործակալությունը գերմանական Ver.di արհմիության ներկայացուցիչ Սյուզան Ռիդելի խոսքը։

Ռիդելը հիշեցրել է գործատուի հետ բանակցությունների վերջին փուլի մասին՝ նշելով, որ այն «սթափեցնող Էր», և որ դրա ընթացքում չհաջողվեց համաձայնության գալ աշխատավարձի բարձրացման շուրջ: Արհմիության ներկայացուցիչը հայտնել է, որ աշխատավարձն այս պահին «նվազագույնին մոտ է»։

Աշխատողները և նրանց շահերը ներկայացնող արհմիությունը պատրաստ չեն համակերպվել այն փաստի հետ, որ գործատուն համաձայնել է 14 ամսվա ընթացքում աշխատավարձի միայն 4,1 %-ով բարձրացման և 1500 եվրո միանվագ վճարման։

Ինչպես ընդգծել է Ռիդելը, դա բավարար չէ էլեկտրաէներգիայի և գազի բարձրացած գները վճարելու կամ գնաճի հետևանքով առաջացած կորուստները ծածկելու համար։ Ուրբաթ օրը Գերմանիայի Ռամշտայն ամերիկյան ավիաբազայում տեղի է ունենում ՆԱՏՕ-ի երկրների և նրանց դաշնակիցների՝ Ուկրաինային աջակցելու գծով շփման խմբի հանդիպումը, որտեղ նախատեսվում է համաձայնեցնել օգնության հերթական փաթեթը, ներառյալ արևմտյան նմուշի տանկերի մատակարարումը։

Սա ութերորդ հանդիպումն է ապրիլին Ukraine Defense Contact Group միջազգային շփման խմբի ստեղծումից ի վեր։ Հանդիպմանը մասնակցում են գրեթե 50 երկրների պաշտպանության նախարարներ, ասվում է ԱՄՆ պաշտպանական գերատեսչության կայքում զետեղված ծանուցման մեջ։ Հանդիպման բացումը տեղի կունենա ԱՄՆ պաշտպանության նախարար Լլոյդ Օսթինի գլխավորությամբ։