Նեյմարը բաց կթողնի «Մանչեսթեր Յունայթեդ»-ի դեմ խաղը

Վնասվածքի պատճառով ֆուտբոլիստը բաց կթողնի Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակիչի առաջին խաղը

Ֆրանսիական ՊՍԺ-ի բրազիլացի հարձակվող Նեյմարը վնասվածքի պատճառով չի մասնակցի անգլիական «Մանչեսթեր Յունայթեդի» դեմ Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակիչի առաջին խաղին, որը կկայանա փետրվարի 12-ին, հաղորդում է RMC Sport-ը:

26-ամյա ֆուտբոլիստը հունվարի 23-ին վնասվածք էր ստացել «Ստրասբուրգի» դեմ Ֆրանսիայի գավաթի խաղարկության 1/16 եզրափակիչի խաղում: Նա չէր կարողացել շարունակել հանդիպումը եւ փոխարինվել էր 62-րդ րոպեին: Դաշտից հեռանալիս Նեյմարը անգամ չէր կարողացել զսպել արցունքները:

Սպասվում է, որ բրազիլացի հարձակվողը կկարողանա մասնակցել «Մանչեսթեր Յունայթեդի» դեմ պատասխան հանդիպմանը, որը տեղի կունենա մարտի 6-ին: