Մենք երբեք պարտվողական չենք եղել ու չենք լինում. Զոհրաբ Մնացականյան

Անհնար է մի կողմից բանակցել խաղաղություն մասին, իսկ մյուս կողմից թշնամություն կամ էսկալացիոն լարվածության մեծացում լինի

ՀՀ արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանն այսօր Եռաբլուրում անդրադարձավ Ադրբեջանի ԱԳ նախարար Էլմար Մամեդյարովի հետ հանդիպմանը՝ նշելով, որ հանդիպումից հետո  տարածված հայտարարությանն ավելացնելու բան չունի։

Նրա խոսքով՝ ինչպես նախկինում, այդպես էլ հիմա, հայկական կողմը շարունակում է հավատարիմ մնալ իր սկզբունքներին։

«Միշտ խոսել ենք նրա մասին, որ խաղաղությանը նպաստող միջավայր է անհրաժեշտ, քանի որ բոլորս հասկանում ենք, որ անհնար է մի կողմից բանակցել խաղաղություն մասին, իսկ մյուս կողմից թշնամություն կամ էսկալացիոն լարվածության մեծացում լինի։ Բոլոր այն հանգամանքները, որ նպաստում են խաղաղությանը նպաստող միջավայրին, կարևոր են և էական»,- ասաց նա։

Մնացականյանի խոսքով՝ այս ընթացքում հայկական կողմը որևէ կերպ չի շեղվել իր որդեգրած սկզբունքներից։ Ըստ նրա՝ ՀՀ-ի համար եղել ու մնում է կարևոր Արցախի խնդրի խաղաղ կարգավորումն ու ստատուս քվոն։

«Այսօր մենք ունենք մեր գերակայությունները, այդ առումով բանակցություններում չի եղել մի բան, որի մասին դուք չիմանաք։ Շատ հետաքրքիր է, թե ինչպիսի մեկնաբանություններ կան, նաև որոշակի կասկած կա, թե մենք ինչ-որ պարտվողական տրամադրվածություն ունենք, թե ինքնավստահություն ենք կորցրել։ Վստահ եղեք, նման բան չունենք և կարիք չկա տեսնելու մի բան, որը չկա։ Մենք երբեք պարտվողական չենք եղել ու չենք լինում»,- ասաց նա։

ԱԳ նախարարը, խոսելով 2 պետությունների հասարակությանը խաղաղության պատրաստելու մասին, նկատեց, որ սա անհրաժեշտություն է, և որևէ որոշում չկա, ավելին՝ եղել է նաև նախկինում։

«Սա, որպես սկզբունք, մենք արտահայտել ենք, որևէ նորություն չկա։ Մենք աշխատում ենք խաղաղության համար, բայց մեր վճռականությունը չպետք է հարցականի տակ դրվի, սա չի նշանակում, որ մենք կորցրել ենք մեր վճռականությունը։ Խաղաղությանն այլընտրանք չկա, խաղաղության այլընտրանքը կատաստրոֆան է»,- շեշտեց Մնացականյանը։