Շատ հստակ ասել եմ, որ պետք է վարչապետին հայհոյած բոլոր խուլիգաններին ստորացնելով բերման ենթարկեն

Մանրամասները՝ տեսանյութում

Իրենց անկախ հռչակած մի քանի պատգամավորներ դիմում են Ազգային ժողովի խմբակցություններին, որպեսզի էթիկայի հանձնաժողով ստեղծվի և քննվի այն հարցը, որ ես ասել եմ՝ իբր «պետք է ստորացնելով բերման ենթարկել սյունեցիներին», կա՛մ նրանք չեն հասկացել, կա՛մ միտումնավոր խեղաթյուրում են իմ խոսքը: Այս մասին ԱԺ արտահերթ նիստի ժամանակ ասաց «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Հրաչյա Հակոբյանը:

«Շատ հստակ ասել եմ՝ «պետք է ստորացնելով բերման ենթարկեն այն խուլիգաններին, որոնք հայհոյում են ՀՀ վարչապետին և հայհոյում են Հայաստանի Հանրապետության վարչապետի կողմնակիցներին, քաղաքացիներին և դա անում են խուլիգանավարի, այնպես որ, խնդրում եմ՝ մի խեղաթյուրեք իմ խոսքը կամ, եթե լավ չեք հասկանում, ապա ուշադիր եղեք մի-քիչ»,- նշեց նա:

Հիշեցնենք, որ Հրաչյա Հակոբյանի հայտարարությունների հետ կապված անկախ պատգամավորներ Սոֆյա Հովսեփյանը, Աննա Գրիգորյանը, Գոռ Գևորգյանը, Թագուհի Թովմասյանը, Վարդան Աթաբեկյանը և Գևորգ Պետրոսյանը գրավոր դիմել են ԱԺ խմբակցություններին՝ էթիկայի հանձնաժողով ստեղծելու առաջարկով։