ԱՄՆ-ում իրանական լուրերի հաղորդավարուհի է ձերբակալվել

Այս մասին հայտնում է իրանական Press TV հեռուստաալիքը

Իրանական Press TV հեռուստաալիքը հայտնել է ԱՄՆ մայրաքաղաք Վաշինգտոնում իր լրագրողներից Մարզիե Հաշեմիի ձերբակալման մասին:
«Մենք ստացել ենք տեղեկություն Վաշինգտոնում Press TV-ի լրագրող և լուրերի հաղորդավար Մարզիե Հաշեմիի ձերբակալման ու կալանավորման մասին», -հայտնել է հեռուստաալիքի Twitter-ի պաշտոնական էջը:
Նշվում է, որ լրագրողի ձերբակալման պատճառներն անհայտ են մնում, նրա հանդեպ, ըստ հեռուստաալիքի, որևէ պաշտոնական մեղադրանք չի առաջադրվել: 
Հայտնի է, որ Հաշեմին ԱՄՆ էր մեկնել այդտեղ բնակվող իր հարազատներին այցելելու համար: Նա ձերբակալվել է Միսուրի նահանգում՝ Սենթ Լյուիսի օդանավակայանում: