Էր Ռիադը պատրաստ է վերականգնել հարաբերությունները Թեհրանի հետ. Իրանի ԱԳՆ

Մանրամասներ
ա

Իրանի արտաքին գործերի նախարար Հոսեյն Ամիր Աբդոլահիանը հայտարարել է, որ Էր Ռիադը պատրաստ է վերականգնել հարաբերությունները Թեհրանի հետ՝ նշելով, որ ողջունում է Սաուդյան Արաբիայի հետ երկկողմանի հարաբերությունների վերականգնումը, հաղորդում է Mehr-ը:

«Սաուդցի բարձրաստիճան պաշտոնյայի վերջերս արված հայտարարությունները մատնանշում են Իրանի հետ երկկողմանի հարաբերություններ հաստատելու նրանց ցանկությունը, եւ մենք ողջունում ենք դա»,-ասել է Աբդոլահիանը «IRNA»-ին տված հարցազրույցում:

Ընդ որում՝ նա հայտարարել է, որ Իրանը չունի երկկողմանի հարաբերություններ Սաուդյան Արաբիայի հետ Էր Ռիադի՝ Իրանի հետ դիվանագիտական հարաբերությունները խզելու որոշման պատճառով:

«Մենք տարբեր հայացքներ ու մոտեցումներ ունենք տարածաշրջանային որոշ հարցերի շուրջ, սակայն երկու կողմերի մասնակցությամբ տարաձայնությունների հաղթահարումը կարող է ծառայել երկու ժողովուրդների, ինչպես նաեւ բարեկամական ու եղբայրական երկրների շահերին»,-ասել է ԻԻՀ ԱԳ նախարարը:

«Նախորդ տարի մենք չորս փուլով բանակցություններ ենք վարել Սաուդյան Արաբիայի հետ: Այդ բանակցությունները ստեղծել են լավ մթնոլորտ եւ արդյունքներ տվել, որոնք, չնայած, փոքր են, բայց մենք ուրախ ենք, որ Սաուդյան Արաբիան երկխոսելու ուղին է բռնել, եւ այդ մոտեցումը կարող է դրական արդյունքների հանգեցնել, քանի որ հարաբերությունների եւ համագործակցության բարելավումը բխում է երկու երկրների շահերից»,-ընդգծել է Աբդոլահիանը:

Իրանի ԱԳ նախարարը հավելել է, որ Իրանի 13-րդ վարչակազմը պատրաստ է ընդլայնել կապերը հարեւանների հետ: