«Վարչապետը փորձում է թեման անլրջացնել՝ տրոլինգ անելով». քաղտեխնոլոգ

Եթե օրվա իշխանությունն ամեն օր մտածում է, թե ինչ գործիքակազմ հնարի, որ արդյունքն ապահովի, այլ ոչ թե իրական գործ կատարի, ապա նման գործիքակազմը երկար կյանք չի կարող ունենալ

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր Կառավարության նիստի ժամանակ հայտարարեց, որ ԱԱԾ տնօրենին հանձնարարել է, որպեսզի պարզի որոշ շրջանակների և սատանայի համագործակցության ձևերը և ուղիները.

«Ծիծաղում եք, բայց իսկապես, եթե կա պնդում, պետք է դա ի վերջո պարզվի, քանի որ ազգային անվտանգության խնդիր է։ Պարոն Մարտիրոսյան, հաստատեք, որ նման հանձնարարական եք ստացել»,- դիմելով ԱԱԾ տնօրենի պաշտոնակատարին՝ ասաց վարչապետը՝ խնդրելով նրան հաստատել, որ նման հանձնարարական է ստացել։

Ի պատասխան՝ ԱԱԾ տնօրենն ասաց, որ մի քանի օր առաջ նման հանձնարարական է ստացել։

Այս խոսակցությունը Կառավարության անդամների մոտ ծիծաղ առաջացրեց, որից հետո վարչապետն ասաց, որ ամենայն լրջությամբ նման հանձնարարական է տվել, քանի որ, եթե հանրության մոտ կան մտահոգություններ, պետք է հասկանալ, նման թեմա գոյություն ունի՞, թե՞ ոչ։

168.am-ի հետ զրույցում քաղտեխնոլոգ Վիգեն Հակոբյանը, անդրադառնալով վարչապետի հանձնարարականին, նկատեց՝ ընդհանուր առմամբ վարչապետն այս ամենով տրոլինգ է անում։

«Այստեղ առանձնապես լուրջ վերլուծությունների կարիք չկա, փնտրենք, թե սատանաների հետ ո՞վ է համագործակցում, ինչպե՞ս է համագործակցում, և այլն, վարչապետը տրոլինգ է անում, ինչպես արեց օրեր առաջ Ֆեյսբուքում, երբ գրառում կատարեց, թե ստուգել են՝ քաղաքում սատանաներ չկան, սա էլ այդ նույն սերիայից է։ Քանի որ քաղաքական դաշտում և հասարակական քննարկումներում հիմա բավականին ակտուալ է՝ կապված որոշ ներկայացումների ու շարժումների հետ, վարչապետը փորձում է անլրջացնել թեման՝ տրոլինգ անելով»,- նշեց քաղտեխնոլոգը։

Անդրադառնալով Ազգային ժողովում վարչապետի երեկվա ելույթին, որը վերաբերում էր քրեական ենթամշակույթ ունեցողներին, Վիգեն Հակոբյանն ասաց, որ վարչապետի այդ ելույթը մեկ թեմայի շուրջ էր՝ քրեական ենթամշակույթ ունեցողների, որտեղ ըստ էության թիրախավորված էր մեկ մարդ։

Քաղտեխնոլոգի խոսքով՝ այն բառապաշարը, որով վարչապետը խոսեց՝ կրկին հիշեցնելով «ասֆալտին փռելու» և «պատերին ծեփելու» մասին, վարչապետի խոսելու բառապաշար չէ։

«Եթե այս բառապաշարն արդյունավետ էր մեկ տարի կամ 10 ամիս առաջ, ապա այսօր այն անարդյունավետ է, կարծում եմ՝ շատ դեպքերում նույնիսկ հակառակ արդյունքն է տալիս։ Մասնավորապես, երբ խոսում են «ասֆալտին փռելու» և «պատերին ծեփելու» մասին։ Մի քանի անգամ ասել եմ, հիմա էլ կրկնում եմ, որ գործող իշխանության գործիքակազմում, քարոզչական ռեսուրսներում կան գործիքներ, որոնք արդեն հնացել են։ Դրանք ազդեցիկ ու արդյունավետ կարող էին լինել մեկ տարի առաջ, այսօր դրանց ազդեցությունը զրո է։ Մենք տեսնում ենք, որ այսօր մարդկանց ձերբակալությունները նույնպես որևէ արդյունք չեն տալիս, ինչպես տալիս էին մեկ տարի առաջ»,- նշեց քաղտեխնոլոգը։

Նա նաև հավելեց, որ, եթե օրվա իշխանությունն ամեն օր մտածում է, թե ինչ գործիքակազմ հնարի, որ արդյունքն ապահովի, այլ ոչ թե իրական գործ կատարի, ապա նման գործիքակազմը երկար կյանք չի կարող ունենալ։

Հիշեցնենք, որ Ազգային ժողովում վարչապետ Փաշինյանը նշել էր. «Եթե կան մարդիկ, այդ թվում՝ քաղաքական գործիչներ, այդ թվում՝ պատգամավորներ, որոնք մտածում են, թե այս հարցում կոմպրոմիսներ են լինելու, կամ մտածում են, որ այս օրենքի հետ կապված, ասենք, օրինակ՝ կարող են միջնորդավորված ձևով պատգամավորի սպառնալ, օրինակ՝ հարցի հարակից զեկուցողներին, ուղիղ ասում ենք՝ կպառկացնենք ասֆալտին, հանկարծ մտքներով չանցնի, կպառկցնենք ասֆալտին և կտանք պատերին՝ բառիս բուն իմաստով: Որևէ մեկը չփորձի՝ նախկին կլինի, ներկա կլինի, որ հանրապետության երկրորդ քաղաքի կեսը թալանել է, հիմա մտածի, թե կարա թպրտա: Կտանք պատերով, կպառկցնենք ասֆալտին, թող ականջներին օղ անեն, եթե օղ չեն անի, այդ տեսարանները դուք կտեսնեք իրականության մեջ»։ 168.am