Փորձություն` Նիկոլ Փաշինյանի համար

ՀՀ պետական եկամուտների կոմիտեն նշել է, որ օրենքի նախագծի վերաբերյալ առաջարկություններ չկան

Ազգային ժողովի պատգամավորներ Վարազդատ Կարապետյանը և Բաբկեն Թունյանը օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացրել են «Նվազագույն ամսական աշխատավարձի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագիծը։
Պատգամավորներն առաջարկում են նվազագույն աշխատավարձը 55,000-ից դարձնել 63,000 դրամ։ Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Զարուհի Բաթոյանը, անդրադառնալով խնդրին, ՖԲ-ում գրել էր, որ նախարարությունն ունի վերլուծությունը, համաձայն որի Հայաստանի Հանրապետությունում նվազագույն աշխատավարձ պետք է սահմանել 68000 դրամ, այսինքն` 5 հազար դրամով ավելի բարձր, քան առաջարկում են պատգամավորները:
Նախագծի վերաբերյալ ՀՀ պետական եկամուտների կոմիտեն նշել է, որ օրենքի նախագծի վերաբերյալ առաջարկություններ չկան, բայց առաջարկվող փոփոխություններն իրականացնելու համար պետական բյուջեից պահանջվող հավելյալ ծախսերի մասով կարևորում են ՀՀ ֆինանսների նախարարության կարծիքը։ 
ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարության դիտարկմամբ` «նախագծով առաջարկվող նվազագույն աշխատավարձի 63000 դրամի սահմանումը լրացուցիչ հիմնավորման կարիք ունի»։ 
«Նախագծի հիմնավորումից ակնհայտ է, որ «63,000» դրամը փոխկապակցվում է ՀՀ վիճակագրական կոմիտեի կողմից հրապարակված 2019թ. I եռամսյակի միջին ընթացիկ գներով նվազագույն սպառողական զամբյուղի արժեքի հիմքով https://www.armstat.am/file/article/sv_03_19a_6200.pdf (ընդ որում այն հավասար է 63 550 դրամի): Ընդհանուր առմամբ այն որպես ելակետային ցուցանիշ ընդունելի է, սակայն մեթոդաբանության համաձայն վերջինս հաշվարկվում է որևէ եռամսյակի փաստացի միջին ընթացիկ գներով, հետևապես այն սպառողական գների ինդեքսի փոփոխմանը զուգընթաց փոփոխվող է: Միաժամանակ հարկ ենք համարում նշել, որ աղքատության մակարդակի հաշվարկման մեթոդաբանության համաձայն աղքատության գծերը ևս ինդեքսավորվում են ըստ պարենային և ոչ պարենային ապրանքների գների ինդեքսի https://www.armstat.am/file/article/poverty_2018_a_6.pdf, էջ 230»: Հետևապես, գների ինդեքսի փոփոխության դեպքում աղքատության վերին և ստորին գծերի վերահաշվարկը, հետևապես և աղքատության մակարդակի ցուցանիշները կարող են և նույնը մնալ կամ չկրել էական փոփոխություն` անգամ նվազագույն աշխատավարձի 63000 դրամի դեպքում: Առավել ևս, որ առաջարկի և պահանջարկի տեսանկյունից վերջիններիս վրա աճի վեկտրով ազդեցությունը կլինի առավելագույնը 1-ինից 4-րդ դեցիլների դեպքում, քանի որ աղքատության գծից վերև գտնվողներն ըստ էության ինքնաբավ են և լրացուցիչ եկամուտներն առավելապես կուղղվի ոչ թե ծախսերի (հետևապեսև` պահանջարկի և առաջարկի) ավելացմանը, այլ` կուտակմանը»,- մեջբերելով ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարության կարծիքը` գրել է Զարուհի Բաթոյանը:
Ամենակարևորը սակայն ֆինանսների նախարարությունից նվազագույն աշխատավարձի բարձրացման առնչությամն որևէ եզրակացություն դեռ չի ներկայացրել։ 
Հետաքրիր է` եթե ֆիննախը բացասական եզրակացություն տա նախագծին, ինչպիսին է լինելու ԱԺ մեծամասնության դիրքորոշումն ու նախագծի ճակատագրի:
Ի դեպ, դեռևս ՀՀԿ-ի իշխանության օրոք, 2017 թ. հուլիսի 6-ին կառավարության ընդունած 2018-20 թթ միջնաժանմկետ ծախսային ծրագորվ նախատեսվում էր, որ կպահպանվի նվազագույն ամսական աշխատավարձի չափը, այսինքն` 55 հազար դրամը: Սա Կարեն Կարապետյանի վարչապետության օրոք ընդունված որոշում էր: Մինչ այդ սակայն, դեռևս 2012 թվականին, Տիգրան Սարգսյանը վարչապետի պաշտոնում նշանակվելուց հետո խոստացել էր նվազագույն աշխատավարձի բարձրացում՝ 65.000 դրամի չափով:

Տիգրան Սարգսյանը հեռացավ` այդպես էլ չկատարելով այդ խոստումը: Իսկ Կարեն Կարապետյանն անգամ չէր էլ խոստացել, որ նվազագույն աշխատավարձը կբարձրացվի:Տեսնենք` ինչպես է հաղթահարելու նվազագույն աշխատավարձի բարձրացման փորձությունը Նիկոլ Փաշինյանը: Ավելորդ է ասել, որ 30 տոկոս աղքատության պայմաններում նվազագույն աշխատավարձի բարձրացումը խիստ պարտադիր քայլ է: