Բելառուսի ԶՈՒ գլխավոր շտաբի պետը ժամանել է Հայաստան

Մտքեր են փոխանակվել երկու պետությունների զինված ուժերի գլխավոր շտաբերի միջեւ համագործակցության ու առաջիկա աշխատանքային ուղղությունների վերաբերյալ

Հայաստանի Հանրապետության եւ Բելառուսի Հանրապետության պաշտպանության նախարարությունների միջեւ երկկողմ համագործակցության 2019թ. ծրագրի համաձայն` սեպտեմբերի 21-ին մեկնարկել է Բելառուսի Հանրապետության զինված ուժերի գլխավոր շտաբի պետ, պաշտպանության նախարարի առաջին տեղակալ, գեներալ-մայոր Օլեգ Բելոկոնեւի պաշտոնական այցը  Հայաստանի Հանրապետություն:

ՀՀ ՊՆ վարչական համալիրում տեղի ունեցած դիմավորման պաշտոնական արարողությունից հետո կայացել է պատվիրակությունների ընդլայնված կազմով հանդիպումը՝ ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի պետ, գեներալ-լեյտենանտ Արտակ Դավթյանի եւ ԲՀ ԶՈՒ գլխավոր շտաբի պետ-պաշտպանության նախարարի առաջին տեղակալ, գեներալ-մայոր Օլեգ Բելոկոնեւի գլխավորությամբ:

Հանդիպման ընթացքում քննարկվել են Կովկասյան տարածաշրջանի ռազմաքաղաքական իրադրությանը, հայ-բելառուսական ռազմական եւ ռազմատեխնիկական համագործակցությանը, երկկողմ եւ բազմակողմ ձեւաչափով անցկացվող օպերատիվ եւ մարտական պատրաստության միջոցառումներին հայ եւ բելառուս զինվորականների համատեղ մասնակցությանն առնչվող հարցեր:

Մտքեր են փոխանակվել նաեւ երկու պետությունների զինված ուժերի գլխավոր շտաբերի միջեւ համագործակցության ու առաջիկա աշխատանքային ուղղությունների վերաբերյալ: