Ոչ ոքիս գործունեությունը անթերի չէ. վարչապետ

Օրենքը պատժում է հանցավորին, ասիացին տեսանում է այստեղ մի լոկ վրեժխնդրություն, բայց մենք տեսանում ենք հասարակաց իրավունքի պաշտպանություն

 «Դատախազության վերջին մեկ տարվա աշխատանքն արդյունավետ եմ գնահատում:Սա չի նշանակում, որ այն անթերի է, ես կարծում եմ, որ ոչ ոքիս գործունեությունը անթերի չէ, բայց վերջին մեկ տարվա ընթացում Դատախազությունը վստահ ի ցույց դրեց, որ նոր Հայաստանի Դատախազություն է եւ պատրաստ է իրականացնել այն գործառույթը, որ ՀՀ իշխանության բարձրագույն կրողը՝ ժողովուրդը, դնում է իր առաջ»,-դատախազությունում իր ելույթում նշեց վարչապետ Նիկոլ Փաշինայնը:

«Մեր  նպատակն է, որ ՀՀ յուրաքանչյուր քաղաքացի Դատախազության աշխատողի օրը համարի իր օրը, որովհետեւ Դատախազության բովանդակային ամենաէական գործառույթը քաղաքացիների իրավունքները եւ պետության շահերն ու արժեքները պաշտպանելն ու պահպանելն է:Վերջերս առիթ ունեցա ընթերցելու հայ լուսավորականներից Միքայել Նալբանդյանի մի հանրահայտ հոդված, որից երկու մեջբերում կանեմ․ «Օրենքը պատժում է հանցավորին, ասիացին տեսանում է այստեղ մի լոկ վրեժխնդրություն, բայց մենք տեսանում ենք հասարակաց իրավունքի պաշտպանություն», եւ երկրորդ մեջբերումը․«Իրավադատության մեջ է ազգի կյանքը, եւ այս օրենքի վերա միայն կարող է մի ազգ առաջընթաց ունենալ, մեր երկարամյա պատմության աղետալի էջերի պատճառը արդարադառության պակասն է, որը ազգը պառակտող գործոններից է»,ասաց նա:

ՀՀ վարչապետի խոսքով՝ պատահական չէ, որ մեր իրականության մեջ դեռեւս ամենատարածված ասույթներից է տերովին տերն է տարել, անտերին գելը ասույթը․«Ցավոք սրտի, մեր իրավապահ համակարգը հաճախ գործել է այս համատեքստում։ Սա վերջին տասնամյակների խնդիր չէ, եւ շատ երկար ժամանակ ուղեկցել է մեզ, հենց այս խնդրի լուծումն է մեր եւ Դատախազության ամենակարեւոր առաքելությունը։ Այս ասույթը պետք է դառնա որպես թանգարանային, բանահյուսական պատմություն, եւ որեւէ աղերս չպետք է ունենա մեր իրականության հետ»։

Նիկոլ Փաշինյանի կարծիքով՝ ՀՀ յուրաքանչյուր քաղաքացի պետք է զգա, որ պետությունը ամուր կանգնած է իր թիկունքին, ՀՀ յուրաքանչյուր քաղաքացի եւ մարդ պետք է զգա, որ պաշտպանված է, այնպես, ինչպես իրենց ընտանիքներում, եւ ընտանիքներում էլ այնպես պաշտպանված պետք է զգան, ինչպես կայացած պետություններում․ «Իրավունքը ՀՀ-ում այլեւս էլիտար շնորհ չպետք է լինի, եւ այս համազգեստը, ուսադիրները կրող անձինք ծառայելու են ՀՀ քաղաքացիներին, եւ այս առաքելությունը իսկապես պատմական, շրջադարձային, եւ ես չեմ վախենա ասել, հեղափոխական նշանակություն ունի»։

ՀՀ վարչապետը շնորհակալություն հայտնեց՝ հույս հայտնելով, որ ամեն օրվա, ամեն տարվա հետ ավելի շատ մարդիկ կտեսնեն, որ ՀՀ դատախազությունը իրենց իրավունքի Դատախազությունն է, եւ իրենց անվտանգությունն ապահովող Դատախազությունն է․ «Հանցագործը պետք է ստանա իր պատիժը, եւ ՀՀ-ից պետք է արմատախիլ արվի քրեական ենթամշակույթը։ Հանցագործի տեղը բանտում է, եւ նա ազատության մեջ պետք է հայտնվի այն դեպքում, երբ մենք բոլորս կունենաք երաշխիքներ, որ հանրության համար նրա ազատության մեջ մնալու վտանգները առնվազն վերահսկելի են»։

Նիկոլ Փաշինյանն ամփոփեց՝ ասելով, որ իրավապահ համակարգի ամենակարեւոր առաքելությունը անցյալի առաջ՝ կարմիր, իսկ ապագայի առաջ կանաչ լույս վառելն ու այդ օրինական ապագայի հասանելիությունը ապահովելն է։