Չփաստարկված, սուբյեկտիվ կարծիքներին վերաբերվում ենք ներողամտաբար և կարեկցանքով

«Մենք նախաձեռնությամբ հանդես ենք եկել և հետևողականություն ցուցաբերելու ենք»,- ասել է Սիրանուշ Սահակյանը

Հրապարակը գրում է. Ազգային Ժողովի «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Անդրանիկ Քոչարյանը այսօր իր ֆեյսբուքյան էջում հերթական գրռումն էր արել՝ անդրադառնալով «Իրավական ուղի» ՀԿ-ի կողմից ԱԺ էթիկայի հանձնաժողով ստեղծելու նախաձեռնությանը։ Նա իր տեքստում այս անգամ էլ «տխրահռչակ» բառով էր բնութագրել Էթիկայի հանձանաժողովի նախկին ղեկավար Սիրանուշ Սահակյանին՝ ավանելով նրան Սերժ Սարգսյանի ռեֆերենտ․

«Հաշվի առնելով այն իրարանցումը և բազմապիսի մեկնաբանությունները, որ առաջացրեց իմ հարցազրույցը, ցանկանում եմ պարզաբանել հատևյալը:

Լրագրողը մատնանշեց, որ Արփինե Հովհաննիսյանը վերջին հարցազրույցներից մեկում, խոսելով թալանված ակտիվների, ապօրինի գույքի վերադարձի մասին, պայմանականորեն տվել է նաև իմ անունը: Ես պատասխանեցի․ «Տիկինը ինչ-որ պահի հանդիսացել է մեր երկրի արդարադատության նախարարը։ Պետք է խոսի փաստերով, իսկ պայմանական կարող է տալ իր մայրիկի, իր անհայտ հայրիկի և մյուսների անունները, և այն մարդկանց անունները, որոնք ըստ էության թաքցրել են կամ չեն հայտարարագրել ունեցվածքը»։
Բոլորս գիտեինք, որ նախկին նախարարի մայրը կատարել է ՔԿԱԳ բաժնի պետի գործառույթներ, ինչը հանրային պաշտոն է, և բնականաբար ապօրինի գույքի վերադարձի մասին օրենսդրության ընդունման դեպքում Արփինե Հովհաննիսյանի մայրը պետք է հիմնավորի իր կուտակած ունեցվածքի հիմքերը: Ահա, ոչինչ չէինք լսել նախկին նախարարի հոր հանրային սեկտորում ունեցած կարգավիճակի, մասնավորապես՝ ի՞նչ պաշտոններ է զբաղեցրել, ընկնում է արդյո՞ք նշված օրենքի կիրառման դաշտ, ինչով էլ պայմանավորված օգտագործեցի անհայտ բառը:
Ինչ վերաբերում է Սերժ Սարգսյանի ռեֆերենտ, ապա տխրահռչակ էթիկայի հանձնաժողովի նախագահ Սիրանուշ Սահակյանի և Ազգային Ժողովի մարդու իրավունքների պաշտպանության հանձնաժողովի նախկին նախագահ Էլինար Վարդանյանի նախաձեռնությանը, կարող եմ ասել, որ հենց դուք, աղավաղելով իմ ասածը, առաջին հերթին հարվածի տակ դրեցիք տիկին Արփինե Հովհաննիսյանին:

Այս նախաձեռնությունը պայմանավորված է նրանով, որ մեր երկրում դեռևս չի եղել անցումային արդարադատություն, դեռևս չի տրվել պատշաճ գնահատական նախորդ ռեժիմներին և դրանց սպասարկող չինովնիկներին: Սերժ Սարգսյանի նախկին ռեֆերենտ Սիրանուշ Սահակյանի Էթիկայի հանձնաժողովի նախագահի պաշտոնավարության ընթացքում տապալվեցին քաղաքացիական հասարակության կողմից նախաձեռնած բոլոր վարույթները, իսկ Էլինար Վարդանյանը, իբրև Ազգային Ժողովի մարդու իրավունքների պաշտպանության հանձնաժողովի նախագահ, կատարյալ անգործություն դրսևորեց ՀՀ-ում առկա մարդու իրավունքների աղաղակող խախտումներին: Իրավապաշտպան գործունեությամբ պետք է զբաղվեն անբասիր անցյալ ունեցող, հայերենին լավ տիրապետող, խոսքը չաղավաղող և բարեվարքության պակաս չունեցող անձինք»,- գրել էր Քոչարյանը։

Սիրանուշ Սահակյանը «Հրապարակի» հետ զրույցում, անդրադառնալով Քոչարյանի գրառմանը, նշեց, որ ներողամտաբար և կարեկցանքով է վերաբերվում Քոչարյանի մտքերին, իսկ ԱԺ էթիկայի հանձնաժողով ստեղծելու հետ կապված հետևողական են լինելու․

«Ես տվյալ գրառման հետ կապված հետևյալը կհայտնեմ․ նախ` էթիկայի հանձնաժողովի՝ նախկինում ունեցած գործունեությամբ հետաքրքրված բոլոր անձանց խորհուրդ կտամ ուսումնասիրել հեղինակավոր կազմակերոպությունների անկողմնակալ և հեղինակավոր զեկույցները, որտեղ անդրադարձ կա, թե՛ հանձնաժողովի գործունեությանը՝ այդ թվում վարույթային, թե՛ արձանագրված ձեռքբերումներին, և թե՛ թվացյալ անհաջողություններին։ Այդ գործընկերների շարքում կառանձնացնեմ ՏԶՀԿ ստամբուլյան հակակոռուպցիոն ցանցը, Եվրոպական միությունը, Համաշխարհային բանկը, ինչու ոչ՝ նաև արևելյան գործընկերության շրջանակներում ԵՄ-ի հետ իրականացվող համատեղ ծրագրերը։ Միջազգային այս բոլոր կազմակերպությունների կողմից հանձնաժողովի գործունեությունը մշտապես դրական է գնահատվել, և այն բառը, որ գնահատվել է որպես «տխրահռչակ», ի պատասխան դրա՝ ընդամենը կմեջբերեմ փորձագետների գնահատականը հանձնաժողովի վերաբերյալ․ «Այս տարիների ընթացքում շարունակական ջանքերի ներդրման, ինչպես նաև ուժեղ առաջնորդության շնորհիվ, հանձնաժողովը կարողացել է ամբողջությամբ կատարել միջազգային հանձնառությունները, հանձնաժողովը սահմանափակ մանդատի պայմաններում ակտիվ է գործել հանրային ոլորտի բարեվարքության ընդհանուր չափանիշների խթանման հարցում, մեծ դերակատարում է ունեցել «Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի մասին» օրենքի՝ գույքի և եկամուտների հայտարարագրմանը, շահերի բախմանն առնչվող այլ իրավական ակտերի մշակման և համակարգի զարգացման գործընթացում։

Երկրոդը՝ հանձնաժողովից դուրս իմ գործունեության վերաբերյալ կենսագրական տվյալները բաց աղբյուրներում հասանելի են, և դրանք որոշ անձանց կողմից գրաքննման և խմբագրման կամ կրճատումների կարիք չունեն։ Չփաստարկված, սուբյեկտիվ կարծիքներին սովորաբար վերաբերվում ենք ներողամտաբար և կարեկցանքով, քանի որ դրանք բացասաբար չեն ներազդում ոչ մեր գործունեությանը, ոչ էլ տրամադրությանը։ Մենք նախաձեռնությամբ հանդես ենք եկել և հետևողականություն ցուցաբերելու ենք»,- «Հրապարակի» հետ զրույցում ասաց Սահակյանը։