Ամուլսարի հանքը շահագործել-չշահագործելու հարցը պարզ հաշվարկներ ունի՝ պետությանը հնարավոր պատժամիջոցների տակ դնե՞լ, թե՞ սերունդներին մահվան տանել

Ֆորմուլան հետևյալն է՝ եկեք շահագործենք, հակառակ դեպքում կարող է պետությունը հայտնվել պատժամիջոցների տակ

Մենք, իհարկե, միամիտներ չեն, հասկանում ենք, որ Ամուլսարի հանքը շահագործելու համար կարող են ամենատարբեր սուտ մոտիվացիաներ ու հիմնավորումներ գեներացվել, բայց շահագործել-չշահագործելու հարցը պարզ հաշվարկներ ունի՝ պետությանը հնարավոր պատժամիջոցների տակ դնել, թե  սերունդներին մահվան տանել:

Tert.am-ի հետ զրույցում նման տեսակետ հայտնեց տնտեսագետ Վարդան Բոստանջյանը՝ անդրադառնալով հանքը չշահագործելու դեպքում շահարկվող հարցը, որ Լիդիան Արմենիան կարող է միջազգային արբիտրաժ դիմել և պետությունից մեծ գումարներ պահանջել իր ներդրումների դիմաց:

«Ֆորմուլան հետևյալն է՝ եկեք շահագործենք, հակառակ դեպքում կարող է պետությունը հայտնվել պատժամիջոցների տակ, բայց հասկանալի է չէ՞, որ ավելի լավ է գտնվենք պատժամիջոցների տակ, քան թե սերունդների համար մահվան տարբերակն ընտրենք»,-ասաց Բոստանջյանը՝ համաձայնելով բնապահպան-մասնագետների կարծիքին, որ հնարավոր չէ նման տեղանքում հանք շահագործել և գետերը կեղտաջրերից որևէ ձևով պաշտպանել:

«Պարզ չի՞, որ նման խոշոր ձեռնարկումների վերաբերյալ շահ հետապնդող տարբեր սուբյեկտներ կան, և  ամեն մեկը պաշտպանում է իր շահերը և դա ներկայացնում հիմնավորում, թե հնարավոր է  շահագործել, ոչ մի վտանգ չկա և այլն: Իրականությունը, ազգայինը, պետականը, ժողովրդականը ենթադրում ու պահանջում է այլ մոտեցում, երկրի ու տվյալ ժողովրդի շահերը դիտարկել համար մեկ դոմինանտ, և եթե այդ շահերին փոքր-ինչ վտանգ սպառնում է, ուրեմն խոսակցությունը պետք  է կասեցնել»,-ասաց նա:

Տնտեսագետի խոսքով՝ հանքի շահագործումն իր շրջակայքով կկրճատի Հայաստանի առանց այդ էլ փոքր կենսական տարածքը: Նա օրինակ բերեց, որ դեռևս 75 թվականին Մոսկվայի գոսպլանում միութենական  մակարդակով եղել է Թեղուտի հանքավայրի  պաշարների գնահատականը, և եկել են եզրակացության, որ այդպիսի փոքր երկրում շրջակա միջավայրում փչացնելու իրավունք չունենք, նույնը նաև Ամուլսարի դեպքում է եղել: «Կոնսերվացրել են և ասել, որ այդ թեման չբացեք այլևս»,-ասաց նա:

Բոստանջյանը հասկանում է, որ ընդերքը օգտագործելով պետության համար եկամուտներ են ձևավորվում: «Բայց պետք է դրականն ու բացասականը համադրելով հաշվարկել, թե այդ դրականն արդյոք գերազանցում է բացասականին: Օրինակ բերենք հենց Ալավերդու հանքերի շահագործումը, ի վերջո 700 մարդ է աշխատում, հարկեր են բյուջե մտնում, դա վատ չէ, բայց մյուս կողմից՝ մի ամբողջ՝  հարուստ բնությամբ տարածաշրջան էկոլոգիապես դառնում է վտանգավոր բնակատեղի: Այդ նույն 700 աշխատողներն իրենց ընտանիքներով ստանում են ամենատարբեր դժվար բուժելի կամ անբուժելի  հիվանդություններ: Հիմա այս փոքր երկրում նման վատ փորձն ուզում են տեղաշարժել Ջերմուկ, որը մեր ցանկությունից անկախ թերևս եզակի այն տարածքներից է, որը համարվում է առողջարանային, և ակնհայտ է, որ ամբողջ  էկոհամակարգը վտանգվում է»,-ասաց նա:

Ըստ տնտեսագետի՝  չկա նաև երաշխիք, որ վերահսկողությունը կլինի շարունակական և ընդմիշտ: «Ցանկացած նման գործունեություն մեծ ծախսերի հետ է կապված, իսկ տնտեսվարող սուբյեկտները, որոնք տնտեսապես շահ են բացառապես հետապնդում, հակված են «ավելորդ ծախսեր» չանել: Որքան էլ կազմեն բյուջեի մուտքերը, կլինի 200 կամ ավելի մլն դոլարի մուտք, դեռևս չի նշանակում, որ մենք  պարտավոր ենք հանձնել Ամուլսարի հանքը շահագործման: Մենք տասնամյակ էլ, երկու տասնամյակ էլ շահագործենք, դրանից հետո կտիրապետենք ամայացած, էռոզացված հողերի, որտեղ բնակվելը կդառնա անիմաստ: Այնպես չի, որ պետք է հաշվարկենք, յոլա գնանք մի քանի տարի, հետո չմտածենք՝ ինչ կլինի. վաղը մեր երեխաները, մեր երեխաների երեխաներն են ապրելու»,-կարծում է նա:  

Հարցին, թե ըստ նրա, ինչն է պատճառը, որ Կառավարությանը կաշկանդում է հանքը չշահագործելու որոշում կայացնել, Բոստանջյանը պատասխանեց. «Ես կարող եմ բազմաթիվ բաներ մտածել, բայց կկաշկանդվեմ դրանք բարձրաձայնել, որովհետև ես չեմ կարող ասել՝ որքանով է դա իրականությանը համապատասխանում, բայց անկախ  բարձրաձայնելուց ես իմ մտքում հասկանում եմ՝ ինչն ինչոց է»:

Ըստ նրա՝ կարևոր է գտնել հնարավոր ազգային շահը, իսկ ազգային շահն այն է, որ Ջերմուկը տարածաշրջանում առողջարանական և տուրիստական քաղաք դառնա, և այն օգուտները, որ կարող էին ստանալ հանքի շահագործումից, ստանան որպես էկոլոգիապես մաքուր տուրիստական քաղաք: