ՌԴ-ում դատախազը դիմել է ուկրաինահայ գործարար Մկրտչյանին 9 տարով ազատազրկելու համար

Ըստ «Ֆոկուս» պարբերականի վարկանշային աղյուսակի՝ Մկրտչյանը զբաղեցրել է 14-րդ հորիզոնականը 2012 թվականին Ուկրաինայի 200 ամենահարուստ մարդկանց շրջանում

Մեղադրական կողմը խնդրել է Մոսկվայի պետական դատարանին 9 տարով ազատազրկել «Դոնբասի ինդուստրիալ միություն» ուկրաինական մետալուրգիական կորպորացիայի գործադիր տնօրեն Օլեգ Մկրտչյանին, որը մեղադրվում է 1 մլրդ ռուբլու չափով մեքենայություններ իրականացնելու մեջ: Այդ մասին ՏԱՍՍ-ին հայտնել է հետաքննությանը քաջատեղյակ աղբյուրը:

«Մոսկվայի քաղաքային դատարանում կողմերի բանավեճերի ընթացքում մեղադրող կողմը խնդրել է ազատազրկել Մկրտչյանին 9 տարի ժամկետով պատիժը ուղղիչ գաղութում կրելու պայմանով: Բացի այդ, դատախազը խնդրել է հավելյալ պատիժ նշանակել մեղադրյալին 1 մլն ռուբլու չափով տուգանքի տեսքով»,-ասել է գործակալության զրուցակիցը:

Կորպորացիայի տնօրենը մեղադրվում է խոշոր չափերի խարդախություն կատարելու մեջ: Գործարարն իր մեղքը չի ընդունում: Հետաքննության վարկածով՝ գործարարը օրինական գործարքների տեսքով 2009-2013 թվականներին կազմակերպել է արտասահմանյան օֆշորային ընկերության միջոցով Վնեշէկոնոմ բանկի դրամավարկային միջոցների ստացումը:

Բացի այդ, դատարանը որոշում է կայացրել կալանքի տակ առնել Մկրտչյանի ունեցվածքը: Մեղադրյալի ձերբակալված ակտիվների ընդհանուր արժեքը կազմում է  շուրջ 8 մլրդ ռուբլի: Այդ ունեցվածքի շարքին են պատկանում Տուլսկի եւ Ստավրոպոլի մարզում մետալուրգիական գործարանները, ինչպես նաեւ Ռուսական լեռնամետալուրգիական ընկերության ակտիվները, որը ՌԴ-ի մետալուրգիական հիմնական ընկերություններից մեկն է, որը ստեղծվել էր որպես կապող օղակ «Դոնբասի ինդուստրիալ միության» եւ ռուսական ընկերությունների միջեւ, որոնք զբաղվում են մետալուրգիայով:

Ըստ «Ֆոկուս» պարբերականի վարկանշային աղյուսակի՝ Մկրտչյանը զբաղեցրել է 14-րդ հորիզոնականը 2012 թվականին Ուկրաինայի 200 ամենահարուստ մարդկանց շրջանում: Նրա ունեցվածքը գնահատվում է 1.25 մլրդ դոլար: Նա Ուկրաինայի եւ Ռուսաստանի քաղաքացի է, գրում է news.am: