Մանվել Գրիգորյանի հարազատների ընկերության գործունեությունն, ըստ էության, կասեցված է

Լևոն Բաղդասարյանը, անդրադառնալով Մանվել Գրիգորյանի խափանման միջոցի փոփոխության հարցով ևս մեկ միջնորդություն ներկայացնելուն, ասաց, որ դատարանի որոշումը հիմնավորված չի եղել

ԵԿՄ վարչության նախկին նախագահ Մանվել Գրիգորյանի գործի շրջանակներում քննիչի որոշմամբ կալանք է դրվել նաև «Արա և Այծեմնիկ» ԲԲԸ-ի գույքի և դրամական միջոցների՝ հաշվարկային հաշիվների վրա։ Մանվել Գրիգորյանի պաշտպան Լևոն Բաղդասարյանը լրագրողների հետ զրույցում նշեց, որ միջնորդել էին դատարանին վերացնել ընկերության գույքի և դրամական միջոցների վրա դրված արգելանքը, բայց դատարանը նպատակահարմար է գտել քննարկել միջնորդությունը բուն դատաքննության ընթացքում, երբ Մանվել Գրիգորյանն էլ կմասնակցի նիստին:

Պաշտպանը նշեց, որ արգելանքի արդյունքում պարալիզացվել է՝ ըստ էության, կասեցվել է ընկերության գործունեությունը:

«Տվյալ դեպքում, ոչ միայն այդ գույքերն են արգելանքի, կալանքի տակ, այլ տվյալ ընկերությունների հաշվարկային հաշիվները: Գործունեությունը, ըստ էության, կասեցված է. ֆինանսական շարժ չեն կարողանում կատարել ՝ մասնավորապես, չեն կարողանում պետական պարտավորությունները կատարեն՝ աշխատողների աշխատավարձ, սպասարկման վճար և այլ վճարներ: Այդ ընկերությունները Մանվել Գրիգորյանի մերձավորներին, հարազատներին են պատկանում»,- նշեց պաշտպանը:

Լևոն Բաղդասարյանը, անդրադառնալով Մանվել Գրիգորյանի խափանման միջոցի փոփոխության հարցով ևս մեկ միջնորդություն ներկայացնելուն, ասաց, որ դատարանի որոշումը հիմնավորված չի եղել, այդ պատճառով ևս մեկ միջնորդություն էին ներկայացրել: