Գրիգոր Մինասյանը, բացի ընկերական հարաբերությունից, նաև բիզնես կապեր է ունեցել նախարար Կարեն Անդրեասյանի հետ. fip.am

Մանրամասներ

1

Երկու օր առաջ՝ հունվարի 12-ին, վարչապետի որոշմամբ Գրիգոր Մինասյանը նշանակվեց արդարադատության նախարարի տեղակալ։ Այս նշանակումը համացանցում և լրատվամիջոցներում բուռն քննարկման առարկա դարձավ, քանի որ վերջինս Վատիկանում Հայաստանի նախկին դեսպան Միքայել Մինասյանի եղբայրն է, երբեմնի հանրապետական, ինչպես նաև, ըստ մամուլում առկա տեղեկությունների, արդարադատության նախարար Կարեն Անդրեասյանի ընկերը։ Փոխնախարարը, սակայն, նախարարի ընկերը լինելուց բացի, նրա հետ ունեցել է նաև գործընկերային հարաբերություններ մի շարք մասնավոր ընկերություններում։

Գրիգոր Մինասյանը փաստաբանական պալատի անդամ է, փաստաբանական ծառայություններ մատուցող «Էյ էմ» և «Լեքս Փարթներս» ընկերությունների, ինչպես նաև «Յառդ» և «Արմենիա ՊՊՊ» ընկերությունների համահիմնադիր։

«Էյ էմ իրավաբանական ընկերություն» ՍՊԸ-ն ստեղծվել է 2012-ին։ Համաձայն Իրավաբանական անձանց պետական ռեգիստրի՝ ընկերության բաժնեմասերի 60%-ը պատկանում է Գրիգոր Մինասյանին։ Նա նաև ընկերության տնօրենն է 2013-ից ի վեր։

«Էյ էմ»-ի մնացած 40%-ը պատկանում է Եվա Առաքելյանին։ Վերջինս Կարեն Անդրեասյանի կինն է, ինչ նշանակում է, որ Կարեն Անդրեասյանի ներկայացրած հայտարարագրի «Շահերի հայտարարագիր» բաժնում պետք է նշված լիներ կնոջ՝ առևտրային կազմակերպությունում ունեցած մասնակցությունը, սակայն այդ տողը լրացված չէ։

Գրիգոր Մինասյանին է պատկանել նաև «Յառդ» ընկերությունը, որը զբաղվում է ռեստորանային ծառայությամբ։ Մինչ այդ՝ 2017 թվականի սեպտեմբերի 25-ից մինչև 2019 թվականի մայիսի 29-ը, այս ընկերությունը պատկանել է արդարադատության այժմյան նախարար Կարեն Անդրեասյանին։ Այսինքն՝ Անդրեասյանն ու Մինասյանը հաջորդաբար տնօրինել են «Յառդի» 100% բաժնեմասերը։

«Լեքս Փարթներս» ընկերությունում Գրիգոր Մինասյանը մասնաբաժին է ունեցել մինչև 2011 թվականի ապրիլի 26-ը, որից հետո այդ մասնաբաժինը փոխանցել է կնոջը՝ Մարիա Ստեփանյանին։

Վերջինիս պատկանող մեկ այլ՝ «Փրոֆ թաքս» ընկերությունում մինչև 2011 թվականը մասնաբաժին է ունեցել Կարեն Անդրեասյանը։ Նույն տարիներին՝ 2010-2011 թթ․, ընկերությունում փոքր մասնաբաժին է ունեցել նաև Գրիգոր Մինասյանը։

Ստացվում է, որ փոխնախարար Գրիգոր Մինասյանը, բացի ընկերական հարաբերությունից, նաև բիզնես կապեր է ունեցել նախարար Կարեն Անդրեասյանի հետ։ Նա նախարարի կնոջ հետ տնօրինում է Հայաստանի ամենամեծ իրավաբանական ընկերություններից մեկը, որն էլ շատ հաճախ գովազդվում է Հանրային հեռուստաընկերությամբ։

Նյութն ամբողջությամբ՝ «Փաստերի ստուգման հարթակում»