Սահմանամերձ գյուղերի կարիքների գնահատում պետք է արվի․ ուր է նայում կառավարությունը

Դրանք և՛ համակարգային են, և՛ անմիջական օրախնդիր հարցեր են, որ պետք է այսպես ասած՝ կետային լուծում տրվի

Վերջերս ավելի հաճախ է խոսվում մարզերի, հատկապես սահմանամերձ համայնքների մասին, դրանց համաչափ զարգացվածության կամ զարգացվածության բացակայության մասին։ Երբ Հայաստանում փոխվեց իշխանությունը, շատերը սպասում էին հայեցակարգային մոտեցումներ, ռազմավարություն տարբեր ուղղություններով, և այժմ իշխանությանը քննադատում են նրա համար, որ չկա ռազմավարություն․ հիմնականում կետային լուծումներ են՝ ըստ իրավիճակի։

Հիմա ունե՞նք ՏԻՄ-երին վերաբերող հայեցակարգ՝ ինվենտիզացրե՞լ ենք նրանց խնդիրները, հասկացե՞լ ենք դրանց առանձնահատկությունները, փորձո՞ւմ ենք գտնել դրանց լուծումները, թե՞ ոչ «Առաջին լրատվական»-ի հարցին ՏԻՄ փորձագետ Արմեն Մարտիրոսյանը պատասխանեց․ «Ես 2018 թվականի մայիսից սկսած աշխատել եմ տարածքային կառավարման և զարգացման նախարարի օգնական, և պետք է նշեմ, որ այդ առաջին վեց ամիսների ընթացքում այլ բան անել, քան այդ կետային խնդիրներին լուծումներ տալ, որոնք հարյուրավոր, հազարավոր էին, հնարավոր չէր։ Իրականում, այն ռեսուրսները, որոնք կային, գոյություն ունեին, ուղղվում էին նման կետային խնդիրների լուծմանը։ Իհարկե, այդ ժամանակահատվածն արդեն անցյալում է։ Ներկայումս նույնպես համայնքներում խնդիրներ ունենք, որոնք պահանջում են կետային լուծումներ, բայց արդեն ժամանակն է, որպեսզի ավելի հստակ ռազմավարական հայեցակարգերի վրա աշխատել»։

Իսկ արդյոք համայնքներում բոլոր խնդիրները համակարգային լուծում պահանջո՞ղ խնդիրներ են, թե՞ կան խնդիրներ, որոնք կետային, արագ արձագանք են պահանջում «Առաջին լրատվական»-ի հարցին հանրային ֆինանսների կառավարման մասնագետ Հովհաննես Ավետիսյանն ասաց․ «Դրանք և՛ համակարգային են, և՛ անմիջական օրախնդիր հարցեր են, որ պետք է այսպես ասած՝ կետային լուծում տրվի։ Վերջերս այցելեցինք Վայոց ձորի սահմանամերձ համայնքներ և հասկացանք, որ այնտեղ կան ոչ միայն համակարգային խնդիրներ, այլ նաև տեղական լոկալ խնդիրներ, որոնք լուծում են պահանջում։ Ինչքան էլ համակարգային տեսանկյունից նայենք, այդ փոքր խնդիրները խոչընդոտ են, որպեսզի դրանք ստանան համակարգային լուծում»։