Հնդկաստանում 20-ամյա տղամարդը հուղարկավորության ժամանակ «վերակենդանացել» է

Դեպքի առթիվ հետաքննություն է սկսվել

Հնդկաստանի Լաքհնաու քաղաքում երիտասարդ «հանգուցյալը» թաղման արարողության ժամանակ «վերակենդանացել» է, հաղորդում է NDTV հեռուստաալիքը: 

Խոսքը 20-ամյա Ֆուրկան Մոհամադի մասին է, որը ավտովթարի հետևանքով հունիսի 20-ին հիվանդանոց էր տեղափոխվել: Նրա ընտանիքը 3 օրում բուժման համար մասնավոր կլինիկային շուրջ 10 000 դոլար էր վճարել: 

«Հենց ասացինք, որ մեր գումարը վերջացել է, նրան մահացած հայտարարեցին»,- ասել է «հանգուցյալի» եղբայրը:

Մահվան լուրը ստանալուց հետո երիտասարդի համար գերեզմանափոս է փորվել, սակայն թաղման արարողության ժամանակ ներկաներից մի քանիսը նկատել են, որ նրա վերջույթները շարժվում են, և ենթադրյալ հանգուցյալը շտապ հիվանդանոց է տեղափոխվել, որտեղ նրան անհապաղ թոքերի արհեստական օդափոխության սարքի են միացրել:

«Հիվանդը ծայրահեղ ծանր վիճակում է, սակայն ողջ է: Նրա զարկերակն աշխատում է, զարկերակային ճնշում կա, ռեֆլեքսներն աշխատում են»,- ասել է Ֆուրկանին բուժող բժիշկը: 

Դեպքի առթիվ հետաքննություն է սկսվել: