Մեծ ջանքեր են պետք, որ մեր կրթական համակարգը մեր լոպազությանը հավասարվի. Աշոտ Ադամյան

2000-ականներն ունեցան մեծ բացթողումներ, ծնվեցին նոր տեսլականներ, որոնք որևէ առնչություն և աղերս չունեին այն պատմական անցյալի հետ, որն ունեցել էր հայ ժողովուրդն իր պատմության ընթացքում

«Հեղափոխությունից մեկ տարի է անցել, տոտիկ-տոտիկ մտնում ենք մի տարածք, որը կոչվում է հեղափոխության շարունակություն: Հեղափոխությունը մեկ օրում չեն անում, տևական ժամանակ է պետք: Դա երկնքից ընկնող մանանա չէ, մենք ունենք խնդիրներ, որոնք կուտակվել են տասնամյակների ընթացքում: Բավականին մեծ փոփոխություններ կան»,- «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում այս մասին ասաց ռեժիսոր, դերասան Աշոտ Ադամյանը՝ հավելելով՝ ոգեշնչող է այն, որ հնարավորություն է ընձեռվել երկիրը մաքրելու, շենացնելու և դնելու արդարադատության, արդարության ուղու վրա:«Զարհուրելի հարվածը, որ ստացել է դատաիրավական համակարգը, այն անվստահությունը, որ ժողովուրդն ունի այդ համակարգի նկատմամբ, այդ ուժգին հարվածը ստացել են նաև մյուս ոլորտները՝ արվեստը, հոգեբանությունը, բժշկությունը, կրթությունը… և շեղվել են, հեռացել են տրամաբանությունից:

2000-ականներն ունեցան մեծ բացթողումներ, ծնվեցին նոր տեսլականներ, որոնք որևէ առնչություն և աղերս չունեին այն պատմական անցյալի հետ, որն ունեցել էր հայ ժողովուրդն իր պատմության ընթացքում… Խոսքը մտավոր գանձարանի, ստեղծագործ արժեքների մասին է, որն ունի մեր հրաշալի ժողովուրդը: Եկան նոր ֆետիշներ, նոր ուղեծրեր, հեշտամոլության սկզբունքը, ցավոք, դարձավ տեսլական, որի հետևանքով անկում ապրեց նաև կրթական համակարգը, որը բազիսային է պետության մեջ,- նշեց դերասանը:- Պետության հիմքում առաջին աղյուսը կրթական համակարգն է, որը ստացավ ամենաուժգին հարվածը, և մինչև այսօր մենք խարխափում ենք: Մեծ ջանքեր են պետք, որ մեր կրթության համակարգը մեր ձգտումներին, մեր լոպազությանը համապատասխան լինի: