Եթե հետևություններ չանեք, հաջորդ անգամ Հայաստանի սահմանը կանցնի Ջերմուկով․ Պուխով

Մանրամասներ

ՍիվիլՆեթը զրուցել է Ռուսաստանում գործող Ռազմավարություների և տեխնոլոգիաների վերլուծության կենտրոնի տնօրեն, ռազմական փորձագետ Ռուսլան Պուխովի հետ, որից մի հատված ներկայացնում ենք ստորև

– Ղարաբաղյան երկրորդ պատերազմից անցել է գրեթե մեկ տարի: Դուք այս օրերին Երևանում եք, հասցրել եք շփվել և զրուցել թե փորձագետների, թե քաղաքացիների հետ: Խնդրեմ, կիսվեք Ձեր տպավորություններով:

– Գիտեք, իմ տպավորություններն այդքան էլ լավը չեն: Առաջին հերթին ես տեսնում եմ՝ մադիկ փորձում են ձևացնել, թե պատերազմ չի եղել և չեն պարտվել: Մարդիկ, կարծես, խուսափեն այդ թեմայից: Երկրորդը, որ ինձ զարմացնում է՝ թե՛ Երևանում, թե՛ Մոսկվայում հայերը, որոնց հետ ես շփվել եմ, հետևյալ խոսույթն են առաջ տանում՝ տեղի ունեցածում մեղավոր են բոլորը, բացի իրենցից: Մեզ դավաճանել են ռուսները, Ադրբեջանի կողմից կռվում էին թուրքերը, ԱՄՆ-ը չօգնեց և այլն: Հիմնականում սա եմ ես լսում:

Պատերազմի պարտությունում հենց հայերի պատասխանատվության գիտակցում ես չեմ զգում: Մարդիկ կառուցում են անգամ ֆանտաստիկ դավադրապաշտական տեսություններ, միայն թե չտեսնեն իրենց մեղքի բաժինն այդ ամենում: Մարդիկ խուսափում են պատասխանատվությունից, և դա շատ տխրեցնող է, քանի որ դատելով Հայաստանի աշխարհագրական դիրքից ու տարածաշրջանում աշխարհաքաղաքական շահերից՝ հաջորդ պատերազմը սարերի հետևում չէ: Այն վրա է հասնելու: Եթե մարդիկ չգիտակցեն իրենց պատասխանատվությունը, չհասկանան թույլ տրված սխալները, դասեր չքաղեն, ապա հաջորդ անգամ Հայաստանի սահմանը կանցնի Ջերմուկով:

– Ձեր ղեկավարած կենտրոնը վերջերս հրապարակել էր Ղարաբաղյան երկրորդ պատերազմը և դրան նախորդած ժամանակաշրջանը վերլուծող «Փոթորիկը Կովկասում» հոդվածների ժողովածուն: Ըստ այդմ, խնդրում եմ պատերազմի ընթացքի ու արդյունքների վերաբերյալ ձեր գնահատականը:

– Մեր հետազոտությունը չի տվել հիմնական հարցի պատասխանը: Այդ հարցն ինձ մինչև օրս տանջում է: Ինչո՞ւ Հայաստանը չմասնակցեց պատերազմին: Պետք է իրերն իրենց անուններով կոչենք: Ինչ-որ պահի քաղաքական իշխանությունը որոշեց չպաշտպանել Ղարաբաղը:

– Ի՞նչ նկատի ունեք՝ ասելով Հայաստանը չպաշտպանեց Ղարաբաղը:

– Օրինակ, զորահավաք հայտարարվեց, սակայն հետո այն դադարեցվեց: Հայկական բանակը մեծ հաշվով չի մասնակցել այդ պատերազմին: Կային Ղարաբաղի պաշտպանության բանակը և ոչ մեծ զինվորական խմբավորումներ Հայաստանից: Հայաստանը զանգվածայնորեն չի մասնակցել պատերազմին:

– Ներողություն, միայն Հայաստանից պատերազմում, պաշտոնական տվյալներով, զոհվել է շուրջ 4 հազար մարդ, վիրավորվել է 10 հազարը: Այսքանից հետո ինչպե՞ս եք պնդում, որ Հայաստանը չի մասնակցել պատերազմում:

– Այո, չի մասնակցել, խոսքը զանգվածայնորեն մասնակցելու մասին է, որի տեղի չի ունեցել: Հայկական բանակը մնացել է ՀՀ տարածքում: Ես լսել եմ մի բացատրություն. Հայաստանը մտավախություն է ունեցել, որ Ադրբեջանը կարող է հարձակվել նաև այլ ուղղությունից, ուստի նշանակալի քանակության ուժեր պետք էր պահել ՀՀ տարածքում: Այդ բացատրությունը կարելի է ընդունել, եթե հաշվի չառնենք, որ Հայաստանը, մեծ հաշվով, ոչ թե պաշտպանել է Ղարաբաղը, այլ իրականացրել է դրա իմիտացիա:

Իրականում պարզ էր, որ Ադրբեջանը հետաքրքրված չէ պատերազմը տեղափոխել Հայաստանի տարածք: Ոչ միայն այն պատճառով, որ այդ պարագայում Ռուսաստանը ստիպված էր լինելու միջամտել, այլև արևմտյան պետությունները կարող էին պատժամիջոցներ կիրառել Ադրեջանի նավթագազային ոլորտի նկատմամբ: Ուստի Բաքուն պատերազմը Ղարաբաղի տարածքից դուրս չբերեց: Հայաստանը կարող էր և պետք է ուղարկեր ավելի մեծաթիվ զորք Ղարաբաղ: Երբ դա տեղի չունեցավ, արդեն պարզ էր պատերազմի ելքը: Հարցն այն էր, թե որքան շուտ վրա կհասներ պարտությունը և որքան մարդ կզոհվեր:

Եթե ռազմական ենթակառուցվածքները, սահմանի կահավորումն ավելի գրագետ իրականացվեին, հնարավոր է Ադրբեջանի կորուստներն ավելի շատ լինեին, հայկական կողմինը՝ պակաս, բայց միևնույն է, պատերազմն ավարտվելու էր Ղարաբաղի պարտությամբ:

Գուցե հնարավոր լիներ պաշտպանել Շուշին, բայց էլի պատերազմը մեծ հաշվով պարտվելու էիք, քանի որ Հայաստանը զանգվածայնորեն չմասնակցեց պատերազմին: Մինչև այս հարցի պատասխանը չտրվի, հստակություն չի լինի: Ընդ որում, ես այդ հարցում միայն Նիկոլ Փաշինյանին և իր շրջապատին չեմ մեղադրում: Ես տպավորություն ունեմ, որ Հայաստանի հասարակության մեծ մասը ևս աջակցել է նրանց քաղաքականությանը: Իշխանություններն ուղղակի այդ տրամադրությունների արտահայտողն էին: Տեսեք, թե մարդիկ ինչպես քվեարկեցին պատերազմից հետո տեղի ունեցած արտահերթ խորհրդարանական ընտրություններում: Եթե մարդիկ կողմ լինեին Ղարաբաղի աներկբա պաշտպանությանը, նրանք չէին քվեարկի Նիկոլ Փաշինյանի ղեկավարած «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության օգտին: Մեծ հաշվով Ղարաբաղը չպաշտպանելու ընտրությունը կատարել է ոչ միայն Փաշինյանը և նրա շրջապատը, այլև հասարակության մեծ մասը:

Սա շատ տհաճ իրողություն է, սակայն այդպես է: Շատ պայմանականորեն իրավիճակը կարելի է համեմատել Սերբիայի ու Կոսովոյի հետ: Երբ պետք էր պաշտպանել Կոսովոն, մինչ այդ Սերբիայում քննարկում էին՝ Կոսովոն երկրի սիրտն է, թե նեխած ձեռն է, որը պետք է կտրել ու շարժվել առաջ՝ Եվրամիություն: Ի դեպ, Սերբիայում այդ հարցի պատասխանը մինչև օրս չեն գտել, հասարակությունը պառակտված է: Կարծում եմ՝ Ղարաբաղի ու Հայաստանի պարագայում էլ այդ հարցի պատասխանը չի տրված, բայց այն պետք է բարձրաձայնել: Իսկ եթե դրա փոխարեն պարտության մեջ շարունակենք մեղադրել ուրիշներին, ապա դա շատ վատ հետևանքների կարող է հանգեցնել:

Ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում: