Երկրորդ նախագահի դեմ անձնական վրեժխնդրություն է իրականացվում

Փաշինյանի համար իր նախաձեռնած ակցիայի «նպատակն ու առանցքային սիմվոլն» ավելի կարևոր էին, քան ՀՀ հեղինակությունը միջազգային ասպարեզում

Փաստը գրում է.«Դատարանների շենքերը շրջափակելու փոխարեն մեկ տարի ժամանակ կար ոլորտում օրենսդրական փոփոխություններ անելու, գործող օրենսգրքերը փոխելու՝ ըստ նոր արժեքային համակարգի, ինչը չի արվել: Համատարած բոլոր դատավորներին անվանարկել ու համարել «անվստահելի», վիրահատական միջամտություն հայտարարել՝ վեթինգի կամ հրաժարականների պահանջով, քաոս է ստեղծելու: Նախօրեի իր «համահայկական ելույթով» վարչապետը գոնե մեկ չափանիշ չնշեց՝ ինչպե՞ս է որոշվելու՝ դատավորը անաչա՞ռ է, թե աչառու:

Դիցուք՝ վաղը հրաժարական տվեցին բոլոր 234 դատավորները, ու ի՞նչ է լինելու: ՔՊ անդամները վիճակահանությամբ նշանակվելու են դատավո՞ր, համաժողովրդական հանրաքվեն դատական համակարգի շուրջ ի՞նչ հարց է առաջադրելու՝ վստահություն հայտնել կոնկրետ դատավորների՞ն, թե՞ վարչապետի պոռթկումներին: Դատարանների շրջափակմանը մասնակցեց, ըստ տարբեր հաշվարկների, 1100-1500 քաղաքացի: Եթե սա համեմատեք վարչապետի կոչով փողոց դուրս եկողների նախկին թվերի հետ՝ բացահայտորեն ժողովուրդը հոգնել է պերմանենտ ու պրիմիտիվ «հեղափոխությունից» և ուզում է ապրել արժանապատիվ կյանքով, որ իրեն խոստացվել է մեկ տարի առաջ:

Իրականում ակնհայտ էր, որ դատարանների դեմ ընդվզման հիմքում Ռոբերտ Քոչարյանին կալանքից ազատ արձակելու կոնկրետ դատավորի որոշումն էր: Փաստացի Նիկոլ Փաշինյանի համար իր նախաձեռնած ակցիայի «նպատակն ու առանցքային սիմվոլն» ավելի կարևոր էր, քան ՀՀ վարկն ու հեղինակությունը միջազգային ասպարեզում: Միանշանակ է մի բան՝ Քոչարյանի պաշտպանական թիմն ու աջակիցները նման աջակցություն Նիկոլ Փաշինյանից չէին սպասում. հետագայում նրանք դարձյալ հայտարարելու են, որ երկրորդ նախագահի դեմ անձնական վրեժխնդրություն է իրականացվում, որն արտահայտվեց նաև դատարանների դեմ ճնշմամբ:

Ըստ էության իրականացվեց ակցիա, որը ոչ միայն չնպաստեց դատական համակարգում փոփոխություններին, այլև ի ցույց դրեց աշխարհին, որ «հետհեղափոխական Հայաստանում» միշտ էլ եղել է վտանգը, որ երկիրն արագորեն կամ կայուն կերպով փոխելու կարողության պակաս ունեցող Փաշինյանը կկառչի իրեն իշխանության բերած պոպուլիզմից:

Արդյունքում կոշտ հայտարարություն է արել նաև ԵԽԽՎ-ն: ԵԽԽՎ-ի ՀՀ մշտադիտարկման խմբի համազեկուցողներ Յուլ յա Լովոչկինան և Անդրեյ Շիրցելը, մեկնաբանելով Փաշինյանի՝ մայիսին 19-ին իր աջակիցներին ուղղված կոչը, նշել են, որ իշխանությունները պետք է զերծ մնան այնպիսի գործողություններից և հայտարարություններից, որոնք կարող են դատական համակարգի նկատմամբ որպես ճնշման գործադրում ընկալվել: Այստեղ ակնհայտ է, որ թեման իր լրջությամբ հանրային հարթակում լուրջ դիսկուրսի առարկա է դարձել, ինչի արդյունքում էլ նման կոշտ ձևակերպումներով համեմված հայտարարություն է տարածվել:

Հայտարարությունը բավականին կոնկրետ էր և տեղին, սա նաև կարևոր է ԵԽԽՎ-ի համար, որպեսզի հետագայում իրենց հանդեպ փաստացի մեղադրանքներ չհնչեն. ԵԽԽՎ-ում հասկացել են, որ այս կազմակերպված «բողոքի ակցիան» ու Փաշինյանի կոչը ամբողջությամբ պայմանավորված է եղել կոնկրետ դատական որոշման հետ: Չի բացառվում, որ առաջիկայում նման այլ հայտարարություններ ևս հնչեն, ինչը ամենևին ցանկալի չէ»,-գրում է թերթը:

Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում: