Փաշինյանը բերել է բանակցությունները մի կարգախոսի՝ «Ժամանակավոր խաղաղություն՝ տարածքների դիմաց». Հայկ Խալաթյան (տեսանյութ)

Մանրամասները՝ տեսանյութում
Հայկ Խալաթյան

Լավրովի խոսքերը վկայում են այն մասին, որ արդեն Մոսկվայում գտնում են՝ ՀՀ իշխանությունները բացահայտ գնում են դաշնակցային հարաբերությունների խզման: Այս մասին Tert.am-ի հետ զրույցում հայտնեց Ռազմավարական հետազոտությունների և նախաձեռնությունների վերլուծական կենտրոնի տնօրեն Հայկ Խալաթյանը՝ անդրադառնալով Ալեն Սիմոնյանի հայտարարությանն այն մասին, որ Թուրքիայի հարձակման դեպքում ռուսական կողմը չի պաշտպանի Հայաստանին:

«Հետագա բոլոր զարգացումների մեղքը Մոսկվան փորձելու է դնել ՀՀ իշխանությունների վրա: Ցավոք սրտի, մենք տեսնում ենք, որ նույնիսկ հայկական ԶՈւ-ն, որը ենթարկվում է ներկա իշխանություններին, չի ապահովում երկրի պաշտպանությունը: Մենք տեսնում ենք Տավուշի գյուղերի հանձնումը և թե ինչ վտանգավոր հետևանքներ դա կարող է ունենալ։ Խոսքը միայն տարածքների հանձման մասին չէ, ամբողջությամբ փլուզվելու է պաշտպանական գիծը, էներգետիկ խնդիրների առաջ ենք կանգնելու, կոմունիկացիոն նույնպես: ՀՀ իշխանությունը, անգամ վստահ չլինելով, որ դա կօգնի խուսափել պատերազմից, առաջ է տանում այդ գիծը»,- նշեց մեր զրուցակիցը:

Խալաթյանի խոսքով՝ ՀՀ իշխանություններից արդեն պետք չէ ակնկալել, որ կպաշտպանեն ՀՀ ազգային շահերը:

«Արդեն պետք է դիմել այն մարդկանց, ովքեր պետք է կատարեն այս իշխանության հրամանները, որ հասկանան՝ երբ ապօրինի հանձնում ես ՀՀ տարածքներ առանց դելիմիտացիայի, դեմարկացիայի, առանց բոլոր օրենսդրական նորմերը պահպանելու, իբր պատերազմից խուսափելու համար, ուշ թե շուտ ՀՀ-ում իշխանափոխություն է տեղի ունենալու, և այդ ժամանակ այդ մարդիկ չեն կարողանալու բացատրել իրենց քայլերը, որ հրամաններ էին կատարում: Բոլորը պատասխանելու են օրենքի առջև իրենց կատարած գործողությունների համար: ՀՀ իշխանությունները չեն պաշտպանելու թե՛ ՀՀ սահմանները, թե՛ ՀՀ շահերը»,- ընդգծեց մեր զրուցակիցը:

Ադրբեջանից ավելի լավ են բացատրում՝ ինչու պետք է նրանց տարածքը մեծանա և Հայաստանի տարածքը փոքրանա:

«Գլխավոր նպատակը իշխանության պահպանումն է: Նիկոլ Փաշինյանը 2020թ-ից հետո իր ամբողջ խաղադրուքը դրել է «Խաղաղության դարաշրջան»-ի վրա, որն արդեն դարձել է «Խաղաղության խաչմերուկ», բայց Ադրբեջանին և Թուրքիային խաղաղություն պետք չէ, նրանց պետք է հայկական գործոնի չեզոքացումը տարածաշրջանում: ՀՀ իշխանությունները չեն ուզում հասկանալ, որ ձախողել են այդ քաղաքականությունը: Փաստացի, Նիկոլ Փաշինյանը բերել է բանակցությունները մի կարգախոսի՝ «Ժամանակավոր խաղաղություն՝ տարածքների դիմաց» և տարածքներ հանձնելով կփորձի գոնե մի քանի ամիս բավարարել Ադրբեջանին»,- շեշտեց Հայկ Խալաթյանը:

Մանրամասները՝ տեսանյութում։