Անհայտ անձինք փորձել են առևանգել 250 ուղևորով իսրայելական ինքնաթիռը

Մանրամասներ
ինքնաթիռ

Անհայտ անձինք փորձել են հսկողության տակ առնել իսրայելական El Al ավիաընկերության օդանավի կապի համակարգը։ Միջադեպը տեղի է ունեցել այն ժամանակ, երբ ինքնաթիռը թռչում էր Սոմալիի վրայով Թաիլանդի Պուկետ կղզուց դեպի Իսրայելի Բեն Գուրիոն օդանավակայան։ Այս մասին հայտնում է Kan ռադիոկայանը։

Ինքնաթիռում եղել է 250 ուղևոր և անձնակազմի անդամներ։ Հաղորդվում է, որ անհայտ անձինք ցանկացել են ինքնաթիռը տեղափոխել նշանակման վայրից այլ ուղղությամբ։ Կապի համակարգի միջոցով անձնակազմին տրված հրահանգները տարբերվում էին երթուղուց։ Հասկանալով, որ ինչ-որ բան այն չէ, օդաչուները չեն ենթարկվել նրանց և միացել կապի այլընտրանքային միջոցների, ստուգել են տվյալ տարածքի այլ ավիադիսպետչերների հետ և հասկացել են, որ փորձում են մոլորեցնել իրենց, նշում է ռադիոկայանը։

El Al ընկերությունը հայտնել է, որ Սոմալիի քաղաքացիական ավիացիայի տեղական մարմինը վերջերս թարմացված տեղեկատվություն է տարածել բոլոր միջազգային ավիաընկերություններին՝ կապված տարածքում սպասվող հաղորդակցության խափանումների հետ: EL Al-ի օդաչուներին տեղեկացվել է այս խնդրի մասին և հանձնարարվել է նման իրավիճակում կապի այլընտրանքային միջոցներ օգտագործել։