Թուրքիայի երկրաշարժերը կանխատեսած սեյսմոլոգը նախազգուշացրել է Կիպրոսում, Բինգյոլում և Ադանայում նոր հզոր երկրաշարժերի մասին

Մանրամասներ

Թուրք հայտնի սեյսմոլոգ Նաջի Գյորյուրը, որը կանխատեսել էր փետրվարի 6-ի երկրաշարժերը, նախազգուշացրել է Կիպրոսում  եւ թուրքական Բինգյոլ ու Ադանա նահանգներում նոր հզոր երկրաշարժերի վտանգի մասին։

Թուրք սեյսմոլոգ, Թուրքիայի գիտությունների ակադեմիայի անդամ, պրոֆեսոր Նաջի Գյորյուրը դեռ 2022թ. ապրիլին մի քանի կիլոմետր ճշգրտությամբ կանխատեսել էր փետրվարի 6-ին Թուրքիայի հարավ-արեւելքը ցնցած երկրաշարժի էպիկենտրոնը։

Գիտնականի խոսքով՝ երկրաշարժի դեպքում տեղի է ունենում էներգիայի արտանետում բեկվածքի մի ծայրում, էներգիայի մի մասն անցնում է մյուս ծայր։ «Կահրամանմարաշի երկրաշարժերից հետո մենք նախազգուշացրել ենք Ադանայում եւ Հաթայում հնարավոր երկրաշարժերի մասին։ Բինգյոլ նահանգում, բացի Քարլըովա եւ Գյոնյուք բնակավայրերից, Արեւելաանատոլիական բեկվածքի էներգիան արդեն արձակվել է։ Ես երկրաշարժ եմ սպասում Ադանայում, եթե այն տեղի ունենա, ապա էներգիայի զգալի մասը կարձակվի, եւ բեկվածքը «կլռի»,- ասել է Գյորյուրը TGRT հեռուստաալիքին։

Նա նորից հիշեցրել է Ստամբուլին առաջիկա տարիներին սպառնացող երկրաշարժի մասին եւ կոչ է արել միջոցներ ձեռնարկել դրան նախապատրաստվելու համար։

«Կահրամանմարաշի երկրաշարժերը փետրվարի 6-ին կարող էին ազդեցություն ունենալ Ադանայի, Բինգյոլի եւ Կիպրոսի վրա, պետք է նախազգուշացնել այնտեղ երկրաշարժերի մասին։ Եթե դրանք տեղի ունենան, ապա Արեւելաանատոլիական բեկվածքը «կքնի»,- ասել է գիտնականը։