Երբեք չեմ մոռանա 11-ամյա դստերս արցունքները, երբ իմացավ, որ հայրը կալանավորված է. Արմեն Չարչյան

Մանրամասներ
Արմեն Չարչյան

Օրերս ավարտվեց 2 տարի 8 ամիս տևած մղձավանջը, որի ընթացքում ինձ մեղադրում էին ազատ խոսքի համար:

Այս մասին ֆեյսբուքյան իր էջում հրապարակած տեսանյութում ասել է «Իզմիրլյան» ԲԿ-ի տնօրեն պրոֆեսոր Արմեն Չարչյանը:

«Կայացվեց դատավճիռ, որին չեմ ուզում անդրադառնալ և որակել, փոխարենն ուզում եմ իմ երախտիքի խոսքն ասել այդ դժվարին և տառապալից օրերին ինձ զորավիգ կանգնողներին՝ իմ ընտանիքին, կնոջս, զավակներիս, որոնք ինձ հետ հավասար, գուցե նաև ավելի, կրեցին զրկանքներ, բայց արժանապատվորեն, հպարտ կեցվածքով ու բարձեր գլխով:

Երբեք չեմ մոռանա 11-ամյա դստերս արցունքները, երբ իմացավ, որ հայրը կալանավորված է և չեմ ներելու: Ինձ հետ միասին դժոխքի ոլորապտույտներն անցած և արդեն ինձ հարազատ հոգևոր եղբայր դարձած իմ փաստաբանին՝ Էրիկ Ալեքսանյանին:

Երախտապարտ եմ իմ ընկերներին ու համախոհներին, որոնք ինձ չլքեցին իմ կյանքի սև շրջանում, դա յուրահատուկ փորձություն էր, որը, ցավոք, ոչ բոլորը հաղթահարեցին, իսկ հաղթողներն ավելի բյուրեղացան և մնացին անբասիր և անպարփակ:

Խոնարհումս բարձյալին, որ ինձ պարգևեց հավատ, հայրենիք, ընտանիք, ընկերներ և Էրիկ Ալեքսանյանին»,- ասել է նա:

Հիշեցնենք, որ դատարանը ԱԺ «Հայաստան» խմբակցության նախկին պատգամավոր Արմեն Չարչյանին դատապարտեց 3 տարի 7 ամիս 13 օր ժամկետով ազատազրկման։ Նրա նկատմամբ նշանակված պատիժը, սակայն,  պայմանականորեն չի կիրառվի։

Չարչյանի նկատմամբ կսահմանվի փորձաշրջան 3 տարի ժամկետով։