Արայիկ Հարությունյանի՝ նստացույց անելը խուճապ է առաջացրել. նա այլեւս նախագահի պարտականությունները չի կատարում. Հակոբյան

Մանրամասներ

Արցախի այս ծանր իրավիճակում ինձ համար ընկալելի չէ Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանի՝ նստացույց անելը: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում նշեց Արցախի ԱԺ «Արդարություն» խմբակցության պատգամավոր Մետաքսե Հակոբյանը:

«Մենք 3 տարի իրեն հստակ ասում էինք՝ ինչ պետք է անել. համոզել ենք, հորդորել ենք, երբեմն կոշտ ենք եղել, երբեմն մեղմ կերպով բացատրել ենք, թե ինչ իրավիճակում ենք: Արցախի Հանրապետության նախագահը քաղաքական գործիչ չէ, եւ հիմնական գործառույթները, որոնք իրականացնում էր կամ տրամաբանությունից ելնելով էր, կամ հուզական դաշտում: Այժմ էլ ունենք նույն իրավիճակը, նա բարոյական նորմերից ելնելով պետք է հրաժարական տար, ինչը եւս չարեց: Հիմա եկել ու հասել ենք այն պահին, որ նա նորից հուզական դաշտում է քայլեր անում, գուցե դա նա կանխամտածված է անում, այնուամենայնիվ նա իրավունք չուներ այս ծանր իրավիճակում նման քայլի գնալու: Նա աշխարհին ցույց է տալիս, որ իր ձեռքով քանդում է նախագահի ինստիտուտը, Արցախը այն դեպքում, երբ նրա հրաժարականն էինք պահանջում, նա ասում էր՝ բոլորս կմնանք պետականության փլատակների տակ, նա քանդում է մեր պետականությունը: Սա ընկալելի կլիներ, եթե նա լիներ սովորական անձ, այլ ոչ թե երկրի նախագահը»,- նշեց Մետաքսե Հակոբյանը:

Նրա խոսքով՝ Արայիկ Հարությունյանը ԱՀ Սահմանադրությամբ իրեն ամրագրված անելիքներից որեւէ մեկը չի կատարել. «Կա Արցախի Հանրապետության Սահմանադրություն, եւ դրա մեջ հստակ են երկրի նախագահի անելիքները: Նա 3 տարի շարունակ Սահմանադրությամբ նշված անելիքներից գեթ մեկը չի արել եւ այժմ էլ տապալում է: Ես երեկվանից չեմ հանդիպել որեւէ մեկին, որ սա լավ կընկալի: Ավելին, նրա քայլը խուճապ է առաջացրել մարդկանց մոտ: Մարդիկ հասկանում են, որ նախագահն այլեւս նախագահի պարտականությունները չի կատարում, դրանից մարդիկ անհագստանում են:

Նա անկարող է եղել, երբ արդեն իսկ ընտրվել էր, որովհետեւ եթե նա անկարող չլիներ, մենք չէինք կարող հայտնվել այն իրավիճակում, որ հայտնվեցինք 2020-ի սեպտեմբերի 27-ին, առավել եւս նոյեմբերի 9-ին: Եթե նա ունենար քաղաքական կամք, ապա գոնե մի օր կհայտարարեր, որ ինքը դեմ է այն քաղաքականությանը, որը վարում են ՀՀ իշխանությունները: Նրա քայլերը լրիվ այլ պետք է լինեին այս իրավիճակում»: