Ռուսաստանը զանգվածային օդային հարձակում է իրականացրել Կիևի վրա՝ օգտագործելով բալիստիկ, թևավոր հրթիռներ և ԱԹՍ-ներ

Մանրամասներ

Կիևի վրա ՌԴ ուժերի խոշոր գրոհի ժամանակ Ուկրաինայի հակաօդային պաշտպանության ուժերը խոցել են 12 հրթիռ՝ 6 «Կալիբր» և 6 «Կինժալ»: Նաև հակաօդային պաշտպանությունը խոցել է երկու հետախուզական  անօդաչու թռչող սարք։ Այս մասին հայտնում է РБК-Украина-ն՝ հղում անելով Ուկրաինայի զինված ուժերի ռազմաօդային ուժերի հրամանատարության խոսնակ Յուրի Իգնատի հայտարարությանը։

«Մոտ 10 ժամ գրոհել են տարբեր տիպի հրթիռներով։ Նախնական տվյալներով՝ հաջողությամբ խոցվել են Սև ծովից՝ նավերից, արձակված 6 «Կալիբր», ինչպես նաև 6 «X-47 Կինժալ» հրթիռներ։ Աերոբալիստական հրթիռները նորից գրոհել են մայրաքաղաքը»,- ասել է նա։

Իգնատի խոսքով՝ Ռուսաստանը զանգվածային համակցված օդային հարձակում է իրականացրել Կիևի վրա՝ օգտագործելով միաժամանակ բալիստիկ, թևավոր հրթիռներ և անօդաչու թռչող սարքեր:

Զոհերի կամ ավերածությունների մասին տեղեկություն դեռ չի ստացվել։

Միևնույն ժամանակ Կիևի քաղաքապետ Վիտալի Կլիչկոն նշել է, որ Պոդոլսկի շրջանում ուժեղ պայթյուններ են լսվել մայրաքաղաքի մերձակայքում իրականացվող հակաօդային պաշտպանության օպերացիայից։

«Հրթիռային հարձակումից հետո Կիևում վնասված օբյեկտներ կամ շինություններ չկան»,- հավելել է նա։

Ուկրաինայի արտաքին գործերի նախարար Դմիտրի Կուլեբան Կիևի վրա այսօրվա հարձակումն անվանել է «վերջին շաբաթների ամենամեծ հրթիռային հարձակումը Կիևի վրա» և դա այն ժամանակ, երբ աֆրիկյան առաջնորդներն այցելել են Կիև իրենց «խաղաղության նախաձեռնությամբ»: