ԱՄԷ-ն դուրս է գալիս ԱՄՆ-ի գլխավորած ծովային անվտանգության կոալիցիայից

Մանրամասներ

Արաբական Միացյալ Էմիրությունների ղեկավարությունը որոշել է դուրս գալ Մերձավոր Արևելքում ծովային անվտանգության հարցերով ԱՄՆ-ի գլխավորած կոալիցիայից: Այդ մասին չորեքշաբթի հայտնել է Al Arabiya հեռուստաալիքը՝ վկայակոչելով ԱՄԷ արտաքին գործերի նախարարությանը։

Նշվում է, որ ԱՄԷ-ն երկու ամիս առաջ լքել է կազմակերպությունը՝ «բոլոր գործընկերների հետ անվտանգության ոլորտում համագործակցության արդյունավետության շարունակական գնահատումից հետո»։

Երկրի արտաքին գործերի նախարարությունը նաև հայտարարել է, որ իրենք հավատարիմ են մնում իրենց տարածքային ջրերում նավարկության անվտանգությունն ապահովելուն՝ միջազգային իրավունքին համապատասխան։

Միացյալ ծովային ուժերի կոալիցիան, որի կենտրոնակայանը գտնվում է Բահրեյնում, միավորում է 34 երկիր։ Կազմակերպության հիմնական խնդիրներից է Կարմիր ծովում և Պարսից ծոցում անվտանգության ապահովումը և ահաբեկչության ու ծովահենության դեմ պայքարը։