Աշոտ Փաշինյանը հերքում է տարածել. Իմ մասնակցությամբ քաղաքական կամ այլ բնույթի որևէ միջադեպ տեղի չի ունեցել

Մանրամասներ

Աշոտ Փաշինյանն անդրադարձել է ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի հայտարարությանը, թե հարձակվել են իր վրա:

Այս մասին գրում է Armtimes.am-ը:

«Իմ հանդեպ որևէ քաղաքական կամ այլ բնույթի հարձակում տեղի չի ունեցել:
 
Ցավոք, ստիպված եմ ինքս հերքել իմ մասին պտտվող ստահոդ տեղեկությունը: Ինչ վերաբերում է «տեղեկության» տարածմանը, կարծում եմ, ամենազարմանալին այն է, թե ով ում է ցիտում: Իսկ թե ինչու, ինձ նույնիսկ հետաքրքիր էլ չէ: Լավագույն մաղթանքներս բոլորին»:

Հիշեցնենք, որ երեկ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը գրառում էր կատարել այն մասին, որ նաև հարձակման է ենթարկվել Աշոտ Փաշինյանը:

«Երեք օր առաջ ԱԺ պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Վլադիմիր Վարդանյանի վրա հարձակում է գործում ՀՅԴ պատգամավորը և հարվածում նրան, հետո նապաստակի պես վազում իր խմբակցություն, Երևանի կենտրոնում դաշնակցական մի երևույթ մոտ 100 մետր հեռավորությունից սադրանք է իրականացնում ՀՀ ԱԺ նախագահի նկատմամբ և երեկ նաև հարձակում է տեղի ունենում ՀՀ վարչապետի տղայի նկատմամբ: Սա կազմակերպված սադրանքների շարք է, որի հետքերը, վստահ եմ, տանում են նաև մեր երկրի սահմաններից դուրս, սրա իրավական և քաղաքական արձագանքը չի ուշանալու»,-գրել էր նա: