Պատերազմից հետո Ուկրաինան կօգնի ազատագրվել նաև Հայաստանին

Մանրամասներ

1

«Առաջին լրատվական»-ի զրուցակիցն է ուկրաինահայ վերլուծաբան Մարատ Հակոբյանը։

-Պարոն Հակոբյան, Ուկրաինայի նախագահի խորհրդական Ալեքսեյ Արեստովիչը հայտարարել է, որ ապագայում Կիևը «վրացիներին փրկելուց» բացի, կփրկի նաև Հայաստանը, Մոլդովան«Մենք պետք է փրկենք վրացիներին։ Փրկել Մոլդովան, Հայաստանը։ Սա լավ պատմություն է, քանի որ մեր միլիոնավոր տղաների և աղջիկների համար, որոնք պատերազմել են, հետխորհրդային տարածքում միշտ աշխատանք կգտնվի մոտ ապագայում», – հայտարարել է նա հավելելով, որ նկատի ունի «խաղաղապահներ, կայունացնող գործողություններ, մարդասիրական գործողություն»։ Ինչպե՞ս է հնարավոր հատկապես հայերի փրկությունը՝ աշխարհաքաղաքական պահպանվող կուրսի պայմաններում։

Ակնհայտ է, որ պարտությունից հետո Ռուսաստանի դերն ամբողջ աշխարհում և հատկապես Արևելյան Եվրոպայում ու Հարավային Կովկասում խիստ կփոխվի,իսկ ավելի կոնկրետ՝  գրեթե կվերանա։ Ռուսաստանը խնդիրներ է ունենալու իր իսկ ֆեդերացիայի սուբյեկտների հետ, որտեղ կթեժանան կենտրոնախույզ շարժումները։ Այդ ֆոնի վրա Ուկրաինայի դերը կբարձրանա և՛ Արևելյան Եվրոպայում և՛ Հարավային Կովկասում և՛ նաև Մեծ մերձավոր արևելքում։ Ուկրաինայի դերն արդեն այսօր բավականին աճել է։ Այնպես որ ունենալով ՆԱՏՕ-ի երկրներից ամենալավագույն բանակներից մեկը՝ Ուկրաինան կկարողանա օգնել նախկին խորհրդային միության տարածքի այլ երկրներին։ Ես մի քանի անգամ նշել եմ, որ Ուկրաինայի դերն աշխարհում այսօր արդեն փոխվում է։ Պատերազմից հետո մենք կտեսնենք բոլորովին այլ պետություն, որը մինչ այդ մարդիկ ընկալում էին ոչ այնպես, ինչպես իրականում կար։ Ուկրաինան բավականին խոշոր պետություն է, շատ մեծ տնտեսությամբ։ Նույնիսկ միջուկային տերության հետ պատերազմում կարողանում է պահել կայունությունը։ Իհարկե այդ կայունությունը պահպանվում է  նաև արևմտյան դաշնակիցների օգնությամբ, բայց Ուկրաինայի տնտեսության դերը ևս  շատ մեծ է։ Երկիրն ապրում, աշխատում է ՝ չնայած պատերազմին։ Այնպես որ պատերազմից հետո Ուկրաինան հնարավորություն կունենա օգնել նաև այլ ժողովրդավարական պետություններին։

-Արեստովիչը հերթական անգամ անդրադառնալով Վրաստանին՝ այդ երկրի կառավարությանն անվանել է «ռուսամետ, որը ունակ չէ որոշումներ կայացնելու, որը ոչնչացրել է այն ամենը, ինչը ստեղծել է Սաակաշվիլին։ Եթե Վրաստանի հետ կապված նման դիրքորոշում կա, ապա ի՞նչ դիտարկումներ կան Հայաստանի մասով, ինչքանո՞վ է հնարավոր փոխել իրավիճակն այստեղ։

-Ինչպիսի գնահատակններ էլ հնչեն Վրաստանի իշխանությունների հասցեին, միևնույն է ՝ Վրաստանը մնում է ժողովրդավարական երկիր։ Այդ երկիրն այն քիչ պետությունների թվում է, որը հարևանների համար երբևէ խնդիրներ չի ստեղծել և զարգանում է ժողովրդավարական ուղղությամբ։ Իշխանությունները տարբեր են լինում, նրանց քաղաքականությունն էլ տարբեր է լինում, կարևորն այն է, որ այդ պետության համակարգը ժողովրդավարական է արդեն երկար տարիներ։ Վրաստանը շատ կարևոր երկիր է թե՛ Ուկրաինայի և թե՛ Հայաստանի համար։ Եվ Վրաստանն իր դերը նորովի կբացի նաև Ուկրաինայի՝ ազատագրական պատերազմում հաղթանակից հետո։

– Պատերազմից 8 ամիս անց ինչպիսի՞ տրամադրություններ կան Ուկրաինայում, ինչքանո՞վ են ուկրաինացիները բավարար համարում արևմուտքի աջակցությունը, կա՞ արդյոք հիասթափություն ՝ առ այն, որ արևմուտքը բավարար չափով տեր չկանգնեց Ուկրաինային ու ուկրաինացի ժողովրդին։ Ի դեպ, նման մտավախություն մշտապես առկա է նաև Հայաստանում։

Պատերազմի 8-րդ ամիսն է, և բնակչությունը կարողացել է ադապտացվել նոր պայմաններին, ամենակարևորը՝ հաղթանակի հասնելու կամքը շատ մեծ է։ Ինչպես գիտեք՝ ռուսական զորքերն օրըստօրե նահանջում են ռազմի դաշտում, բայց քանի որ ունեն ահաբեկչական բնույթ, հարվածում են քաղաքացիական ենթակառուցվածքներին, փորձում են խաթարել բնականոն կյանքը։ Ուկրաինայի իշխանությունների շնորհիվ այդ ամենն արագ չեզոքացվում է, որ հասարակության վրա բեռը չծանրանա և մարդիկ կարողանան իրենց առօրյան դասավորել՝ իրենց ցանկությունների համաձայն։

Ինչ վերաբեում է օգնությանը, ապա ինչպես արդեն նշեցի՝ այն շատ կարևոր դեր է խաղում այսօր։ Բայց նաև պետք է նշել, որ առաջին հերթին պետք է հույսը դնել սեփական պետության ու սեփական ժողովրդի վրա։ Երբ դու դա անում ես, շրջապատումդ էլ  տեսնում են՝ օգնությունը չի ուշանում։ Կարևոր է դրսևորել հաղթելու կամք և այդ կամքն  իհարկե  բերեց մեր դաշնակիցների կողմից մեծ օգնության, որը տնտեսական ու ռազմական հարցերում շատ կարևոր է։ Սակայն մեր հիմնական սպասելիքները  ուկրաինական զորքից են։ Ուկրաինական հասարակությունն անում է ամեն ինչ զորքին օգնելու համար՝ օր առաջ հաղթանակի հասնելու համար։Իհարկե մենք բոլորս շատ շնորհակալ ենք մեր բարեկամներին օգնության, արձագանքի, ինչպես նաև միջուկային տերության հետ պատերազմում մեզ մենակ չթողնելու համար, բայց ամենակարևորն ուկրաինական ժողովրդի կամքն է, որը հաստատապես բերելու է հաղթանակի։