Երևանի քաղաքապետը հրաժարական կտա. Նարեկ Սամսոնյան

Հայկ Մարությանը քաղաքապետի պաշտոնի համար կոմպետենտ չէ, մենք գործ ունենք մի մարդու հետ, ով ընդհանրապես չի տիրապետում այդ պաշտոնի առանձնահատկություններին

Հայկ Մարությանը քաղաքապետի պաշտոնի համար կոմպետենտ չէ, մենք գործ ունենք մի մարդու հետ, ով ընդհանրապես չի տիրապետում այդ պաշտոնի առանձնահատկություններին: Tert.am-ի հետ զրույցում ասաց «Քաղաքացիական գիտակցություն» ՀԿ նախագահ Նարեկ Սամսոնյանը:

Նա վստահ է, որ ինչ-որ ժամանակահատվածում քաղաքապետն ինքնուրույն կհամոզվի և հրաժարական կտա: Սամսոնյանի խոսքով՝ քաղաքապետը 10 ամսում ուներ բազմաթիվ հնարավորություններ, որպեսզի իրականացներ իր նախընտրական խոստումները:

«Աղբահանության համատեքստում Մարությանն ամբողջությամբ ձախողվեց, ուներ բոլոր հնարավորություններն աշխատանքը ճիշտ կազմակերպելու: Վերելակների, ճանապարհների հարցում նույնպես թերացել է: Ամենակարևոր հարցերից մեկը, որն անընդհատ խնդիր է առաջացնում, թափառող կենդանիներն են: Նկատվում է ագրեսիվ պահվածք, և այդ վարքի հիմնական պատճառը փողոցներում աղբի  պարունակության այն աստիճան ավելացումն է, որ այդ կենդանիներն արդեն ուտում են աղբը»,- ասաց Նարեկ Սամսոնյանը:

Հաջորդ խնդիրը, որ նկատեց Սամսոնյանը, գիշերային լուսավորության բացակայությունն է: Նրա խոսքով՝ գիշերը՝ ժամը 3-ից կամ 4-ից հետո, Երևանի շատ փողոցներում լուսավոր փողոցներ չեն լինում, ինչը վտանգավոր է:

«Այսօր, կարծում եմ, ամենամեծ խնդիրներից մեկը վերելակների հարցն է: Ոչ մեկը չգիտի, թե վերելակ նստելուց հետո ինչ է իրեն սպառնում: Բոլորն այդ մտավախությամբ են ապրում: Վերջերս պարզվեց, որ քաղաքապետարանը դրա հնարավորությունն էլ չունի: Ես չգիտեմ քաղաքային մի բնագավառ, որը կարող ենք դրական կողմով ներկայացնել»,-ասաց Սամսոնյանը:

Նա նաև վստահ է, որ Երևանի քաղաքապետն իր պաշտոնավարման ավարտին չի հասնելու, հակառակ պարագայում Երևանցիները կբացատրեն, կհասկացնեն, որ նա այլևս չպիտի լինի քաղաքապետ:

«Ես հուսով եմ, որ նա կհասկանա, որ Երևանը բեմ չէ, ինքն էլ այլևս այն դերասանը չէ, որին ժողովուրդը ծափահարում էր և կհեռանա, եթե նա չհասկանա, վստահ եմ, որ երևանցիները դա սկսելու են ցույց տալ, որովհետև, այն, ինչ որ այսօր կատարվում է Երևանի փողոցներում, առաջինը վնասում է երևանցուն: Այդ աղբը մարդիկ սկսելու են տանել Հայկ Մարությանի տուն»,- եզրափակեց Սամսոնյանը: