Խաղի հաշիվն է՝ Վատիկան-10, աշխարհ-0․ Էս ա ողջ եղելությունը, որը պետք է հասկանանք, եթե մեր ուղեղը մաքրենք տեղեկատվական աղբից. Արթուր Դանիելյան

Մանրամասներ
Live24-ը ներկայացնում է
ա

Սուզվելով Էս տեղեկատվական դարին ուղեկցող տեղեկատվական աղբի մեջ` մարդիկ հաճախ չեն նկատում տեղի ունեցող գերկարևոր իրադարձությունները, շեղվելով անբովանդակ «աղբին», և նույնիսկ, երբ գերկարևորն ուշադրության կենտրոնում է հայտնվում, դրա իրական էությունը չեն ըմբռնում: Երկու օր առաջ հայտնի դարձավ, որ Հռոմի Պապը պլանավորում է սեպտեմբերի 18-ին այցելել Ղազախստան:

Հռոմի Պապը որոշել է այցելել մի երկիր, որի բնակչության 70%-ը համարվում է մուսուլման, 26%-ը համարվում է ռուս ուղղափառ, և միայն 0,9%-ն է կաթոլիկ: Սա սակայն վերջին 20 տարում Պապի արդեն երկրորդ այցն է այդ երկիր: Առաջին այցը տեղի ունեցավ էլի սեպտեմբերին` 2001 թվականի սեպտեմբերի 22-ին: Նյու Յորքում տեղի ունեցած ահաբեկչությունից 11 օր անց Հովհաննես Պողոս 2-րդն այցելեց Ղազախստան: Ղազախստան, որտեղ, դեռ 1991 թվականին բացված կաթոլիկ եկեղեցու առաքելոց վարաչակազմը, կոչված էր համակարգել ողջ Միջին Ասիայի կաթոլիկներին, և բնական է, որ ԱՄՆ-ի կողմից Աֆղանստան ներխուժումից առաջ այս այցը շատ կարևոր դիվանագիտական օրակարգ պիտի ունենար:

Իմիջիայլոց, բուն ԱՄՆ-ում 350 տարվա ընթացքում բոլոր նախագահները եղել են բողոքական, բոլորը բացի Ջոն Քենեդիից, ում նախագահության օրոք տեղի ունեցավ ռուս-ամերիկյան ամենալուրջ ճգնաժամը՝ Կարիբյան կրիզիսը:

60 տարի անց ԱՄՆ-ում նորից կաթոլիկ նախագահ է ընտրվում, ու հենց Ջո Բայդենի օրոք է տեղի ունենում ռուս-ամերիկյան երկրորդ լրջագույն ճգնաժամը: Բայդենն անշուշտ շատ ավելի ամուր դիրքեր ունի, քան Քենեդին, այդ թվում, որովհետև կաթոլիկ է նաև ԱՄՆ ներկայացուցիչների պալատի նախագահ, այդ երկրի երկրորդ մարդը՝ Պատրիսիա Դ՝Ալեսանդրոն (նույն ինքը՝ Նենսի Փելոսին), ում երկու ծնողներն էլ հարավային Իտալիայից են, իսկ ինքն ավարտել է, կաթոլիկ, աղջիկների համար նախատեսված, Աստվածածնի ավագ դպրոցը և Սուրբ Երրորդության համալսարանը:

Հոկտեմբերին Չինաստանում ընտրություններ են, իսկ նոյեմբերին ԱՄՆ-ում: Տիկին Դ’Ալեսանդրոն հին գողական ձևերով «նա պոնտ» ա վերցրել չինացիքին ու ընդամենը փորձել է նախընտրական շրջանում հարվածել Չինաստանի ղեկավարին և օգնել հարազատ դեմոկրատական կուսակցությանը: Փորձը, ինչպես տեսնում եք, հաջողեց, նույնիսկ Կադիրովը համարյա ասաց՝ «դանակը հանել ես, պիտի խփես»:

Ախր էս ամենն էնքան հին ա... մի 1500 տարի է այս պայքարը կա, ու 1500 տարի է մենք ակամայից այս ամենի մասն ենք կազմում: Երբ Հռոմն Ալեքսանդրիայի աղանդավորների միջոցով պատժեց Կոնստանդնոպոլսի բյուզանդացի «անջատողականներին» 431 թվականի Եփեսոսի ու 451 թվականի Քաղքեդոնի ժողովով, նա ասել կուզեր, որ ոչ մի երկրորդ, կամ առավել ևս երրորդ Հռոմ չի հանդուրժի... Մենք էլ դե տուժեցինք, ,բաժին ընկնելով արբած պարսիկ փղերին, քանի որ արագ չկողմնորոշվեցինք:

Հիմա նույն պատմությունն ա: Երեկ առավոտյան Լավրովն է զանգում Միրզոյանին: Վերջինս ասում է, որ էդ հարցերով Նիկոլին ա պետք դիմել... Մի քանի ժամ անց Պուտինն է զանգում Փաշինյանին, իսկ դրանից րոպեներ անց Արսեն Թորոսյանը բոլորիս հայտնում է, որ չի կարելի կրկնել 1915-ի ու 1992-ի սխալները: Իսկ սխալներն ըստ իրեն կայանում էին նրանում, որ ռուսների հորդոր-կտով մենք դուրս եկանք թուրքերի դեմ ու կոտորվանք:

Ռուսաստանն Արցախը տվեց Ադրբեջանին, որպեսզի թուրքերը չխանգարեն Մոսկվային Ուկրաինան գրավել, սակայն ուկրաինական գործողությունը տապալվեց ու հիմա, երբ Ուկրաինան պլանավորում է մինչև օգոստոսի վերջ ռուսներին դուրս շպրտել Խերսոնից, իսկ արևմուտքը Խերսոնից մինչև Թայվան բոլոր ճակատներով անցնում է հակագրոհի, Էրդողանի` Սոչի այցին ընդառաջ խիստ անհրաժեշտ է, որ պետք եղած պահին հայերն իրանց վրա վերցնեն թուրքերին զսպելու առաքելությունը, քանի Մոսկվան Ուկրաինական ճահճից դուրս չի եկել: Փաշինյանն էլ հրաժարվում է դա անել ու Արսեն Թորոսյանի շուրթերով տեղեկացնում նրանց, ում դա հետաքրքիր է: Նա հրաժարվում է ու մարսում է, քանի որ ռուսական գործակալ հանդիսացող «ընդդիմությունը» սննկացել է երկու տարի շարունակ ցինիկ, անբարո կրկես բեմադրելու արդյունքում, իսկ բուն Ռուսաստանը սննկացել է հենց 44-օրյա պատերազմի արդյունքում (ըստ հարցումների ՌԴ-ն բարեկամ երկիր է համարում հայաստանցիների մոտ 30%-ը, մինչդեռ մի քանի տարի առաջ նույն ցուցանիշը 80% էր): Մեկը ես չգիտեմ` ի՞նչ պիտի տեսնեմ, որ համարեմ, որ ռուսների հետ կարելի է նորից խրամատ մտնել ու հավատալ, որ ինձ նորից չեն ծախի թուրքի վրա, երբ իրենց գործերը դզվեն:

Իրավիճակի զավեշտը կայանում է նրանում, որ այս իրավիճակը ստեղծել է այն Նիկոլը, ում իշխանության է բերել Կարեն Կարապետյանը, փրկել է Օնիկ Գասպարյանն ու քաղաքականապես վերակենդանացրել է Ռոբերտ Քոչարյանը, ում իր հերթին վերակենդանացրել ու «մաքրել» էր ժամանակին հենց ինքը` Նիկոլը... Էս ա ողջ եղելությունը, որը պետք է հասկանանք, եթե մեր ուղեղը մաքրենք տեղեկատվական աղբից:

Հ.Գ. Իմիջիայլոց, հենց Հովհաննես Պողոս 2-ին են համարում Սովետի փլուզման հիմնական ճարտարապետներից: Նա ստեղծեց «ազգերի աստվածաբանություն» կոչված ռազմավարությունը, որը պնդում էր, որ «ազգն ապրում է յուր մասին ճշմարտությամբ և այդ ճշմարտության իրավունքն ունեն, հետևաբար պետությունը պարտավոր է թույլ տալ ազգին իրացնել սեփական սուբեկտայնությունը», այլ կերպ ասած, Վատիկանի լեհ ղեկավարը պահանջում էր, որ Սովետն ազատություն տա իր ազգերին ու առաջին հերթին լեհ ազգին` Լեհաստանին... ԱՄՆ նախագահի ազգային անվտանգության լեհ խորհրդական Զբիգնև Բժեժինսկին էլ այդ ռազմավարությունը դարձրեց ԱՄՆ արտաքին քաղաքական օրակարգ: 1980 թվականի նոյեմբերի 10-ին գրանցվեց լեհական «Սոլիդարնոսծ» շարժումը, երկու ամիս անց՝ 1981 հունվարի 15-ին շարժման ղեկավարներն այցելում են Վատիկան ու Կրակովի նախկին արքեպիսկոպոս Հովհաննես Պողոս 2-ից օրհնություն են ստանում, և սկսում գործել: Նույն 1981-ի աշնանը շարժման ծրագրային առաջին հռչակագրում կաթոլիկ եկեղեցու դիրքորոշումը հռչակվում է շարժման պատմական ակունք: Ու հենց Լեհաստանից էլ սկսվեց Սովետի աշխարհաքաղաքական կազմաքանդումը:

Արթուր Դանիելյան