Այսօր չստորագրելով, գոնե պահպանում ենք հնարավորություն նոյեմբերի 9-ի շղթաներից ազատվելու համար

Մանրամասներ
ա

Ֆիզմաթ գիտությունների դոկտոր Վլադիմիր Հարությունյանը գրել է․

1918թ. հունիսի 4-ին նորահռչակ Հայաստանի Հանրապետության և Օսմանյան Թուրքիայի միջև ստորագրվեց Բաթումի պայմանագիրը, որով որոշվում էր սահմանը Հայաստանի և Թուրքիայի միջև:Մարդկային պատկերացումների շրջանակներում չտեղավորվող դժոխային պայմաններում գտնվող Հայաստանի Հանրապետության այդօրվա քաղաքական ղեկավարությունը, ճիշտ կողմնորոշվելով ժամանակաշրջանի աշխարհաքաղաքական դեպքերի ընթացքի մեջ, կարողացավ խուսափել այդ պայմանագիրը վավերացնելուց այնքան ժամանակ, մինչև եկավ 1918-ի հոկտեմբերը` Մուդրոսի զինադադարը: Ինչից հետո, այդ պայմանագիրը ի դերև եղավ և հիշվեց միայն բոլշևիկյան պրոպագանդիստների կողմից հայկական անկախ պետականությունը սուտ քարոզչությամբ վարկաբեկելու նպատակով: Իսկ իրական կյանքում եղավ այն, որ Հայաստանի օրվա ղեկավարությունը ոչ միայն թոթափեց Բաթումի կապանքները, այլ իր երկրի տարածքը դարձրեց 70 հազար քառ.կմ-ից ավել: Թե ոնց այդ 70 հազարը հետո դարձավ 30 հազար` հարցրեք նրանց, ովքեր պատրաստ են իրենց ազգանվան փոխարեն իրենց անձնագրերում գրանցել “ռուսը չլինի թուրքը մեզ կուտի” իրենց համար նախաաստվածաշնչյան հանդիսացող “ճշմարտությունը”:

Անզեն, ոչ “փորձագիտական-քաղաքագիտական” աչքով նույնիսկ երևում է, որ աշխարհում ընթանում են կարևոր և մասշտաբային զարգացումներ: Ուստիև, մինչև դրանց հանգուցալուծումը միանգամայն անընդունելի է և անթույլատրելի ստորագրել ինչ-ինչ “պայմանագրեր” երկու թուրք ագրեսորների հետ: Կրկնում ենք` մինչև հանգուցալուծումը: Բանակցեք, ձգեք, ինչքան կարող եք, ինչքան հնարավոր է: Ժամանակը հիմա աշխատելու է մեր օգտին: Իսկ այդ ընթացքում էլ մեկ-մեկ հիշեք, որ 2020թ. նոյեմբերի 9-ի “փաստաթուղթը”, դա առոչինչ է, թեկուզ Բաթումի պայմանագրի համեմատ: Կարող եք ասել. իսկ եթե հանգուցալուծումը մեր օգտին չլինի: Դեհ, այդ դեպքում հիմա ինչ էլ ստորագրեք- չստորագրեք, այդ պարագայում կկանգնենք նոր իրողությունների առաջ: Իսկ այսօր չստորագրելով, գոնե պահպանում ենք հնարավորություն նոյեմբերի 9-ի շղթաներից ազատվելու համար:

Հաջողության հասնելու համար շատ քիչ բան է պետք. ա/չլինել/չդառնալ քու թշնամու գործակալ, բ/ սովորել քո իրական պետական այրերից:

Հակառակ դեպքում Աշխարհի սպասվելիք նոր ու ճոխ տոնավաճառում մենք նորից կներկայանանք մուրացկանի կարգավիճակով: Իսկ մուրացկաններին քշում-վռնդում են ոչ միայն տոնախմբություններից, այլ նույնիսկ տաճարներց` լավագույն դեպքում թույլ տալով հանգրվանել նրանց պատերի տակ…