«Այդ հոգևորականը Բագրատ Սրբազանն էր». Հովիկ Չարխչյան

Մանրամասներ
հովիկ

Գրող, գրականագետ Հովիկ Չարխչյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Կնքահայր էի:

Որոշեցինք սանիկներիս մկրտության արարողությունը Սևանի կղզու եկեղեցում անել:

Առավոտյան մի քանի մեքենաներով ճամփա ընկանք:

Տեղ հասանք, բարձրացանք կղզի և… Այ քեզ անակնկալ, պարզվեց՝ ոչ մի հոգևորական չկա:

Մոմավաճառն ասաց, որ միայն շաբաթ-կիրակի են տեղում լինում: Շատ տհաճ իրավիճակ էր: Չգիտեի, թե ինչ էր պետք անել:

Հանկարծ ինչ-որ մեկն ասաց, որ ներքևում՝ Վազգենյան դպրանոցում, մի հոգևորական կա, բայց նա էլ հիվանդ է:

Որոշեցի, այնուամենայնիվ, գնալ նրան տեսնելու: Մտա իր կացարանը: Իսկապես պառկած էր: Ասացին՝ ամբողջ մարմնում ցավեր կան, շարժվել ընդհանրապես չի կարողանում:

Ներողություն խնդրեցի, արդեն դուրս էի գալիս, հիվանդն ինձ ձայն տվեց: Մոտեցա: Հարցրեց՝ ի՞նչ խնդիր կա: Բացատրեցի կացությունը: Մի պահ մտածեց, ապա ասաց. «Եթե կարողանաք ինձ բարձրացնել կղզի, ես արարողությունը կանեմ»:

Ընկերս՝ Վահրամը, հրաշալի վարորդ է: Ասաց. «Ես իմ Նիվայով կբարձրացնեմ մինչև կղզու գագաթը»: Եվ իսկապես, բարձրացրեց:

Մկրտությունը կայացավ: Ողջ ընթացքում նայում էի, թե ինչպես էր Հայր Սուրբը գերմարդկային ճիգերով զսպում մարմնի ցավը: Դեմքը քրտինքով էր պատվել:

Նայում էի ու ինձ անսահման մեղավոր էի զգում:
Երբ ավարտից հետո փորձեցինք վճարել ծառայության համար, շատ նեղացավ:

Ընդամենը խնդրեց, որ նորից իր կացարան տանենք:

Այդ հոգևորականը Բագրատ Սրբազանն էր»:

Հովիկ Չարխչյան