Լավրովը կոչ է արել Սիրիայի ազատագրված տարածքները փոխանցել Դամասկոսի վերասհսկողությանը

Ըստ Ռուսաստանի արտգործնախարարի՝ դա ահաբեկչության կանխարգելման միակ միջոցն է

Սիրիայում ահաբեկչության կրկնության կանխարգելման միակ միջոցը տարածքները կառավարության վերահսկողությանը փոխանցել է, հայտարարել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»:

 «Մենք ոչ մի կասկած չունենք, որ Սիրիայում ահաբեկչության կրկնության կանխարգելման միակ հուսալի միջոցը այդ տարածքները Սիրիայի կառավարությանը, Սիրիայի զինված ուժերի վերահսկողությանը փոխանցելն  է», - Մոսկվայում գերմանացի գործընկեր Հայկո Մաասի հետ բանակցություններից հետո մամուլի ասուլիսում ասել է Լավրովը:

Նրա խոսքով, «Ջեբհաթ ան-Նուսրա» ահաբեկչական խմբավորումը Սիրիայի Իդլիբում խախտում է ապառազմականացված գոտու ռեժիմը՝ զբաղեցնելով տարածքների 70 տոկոսը, չնայած Ռուսաստանի եւ Թուրքիայի պայմանավորվածություններին:

«Մեզ անհանգստացնում է նաեւ այն, որ ի հեճուկս Իդլիբում ապառազմականացված գոտու ստեղծման մասին պայմանավորվածություններին, «Ջեբհաթ ան-Նուսրան»  գերիշխում եւ խախտում է ապառազմականացված գոտու ռեժիմը, տարածքների 70 տոկոսը զբաղեցրել են ահաբեկիչները, նրանք այդտեղից փորձում են գնդակոծել սիրիական բանակի դիրքերը, բնակավայրերը եւ անգամ փորձում են սպառնալ Խմեյմիմում մեր ռազմական բազային», - ասել է Լավրովը:

Նրա խոսքով՝  «սա սուր խնդիրներից մեկն է, քանի որ Սիրիայի տարածքում ահաբեկչության այս վերջին խոշոր օջախը ընդմիշտ պահպանելն անհնար է»: