Թրամփը հայհոյել Նեթանյահուին՝ նրան մեղադրելով դավաճանության և Իրանի դեմ իրեն օգտագործելու մեջ 

Մանրամասներ

ա

ԱՄՆ նախկին նախագահ Դոնալդ Թրամփը եւ Իսրայելի նախկին վարչապետ Բենիամին Նեթանյահուն մերձավորագույն քաղաքական դաշնակիցներ էին չորս տարվա ընթացքում, համենայնդեպս՝ հրապարակայնորեն։ Հիմա արդեն ոչ։ «Այն ժամանակվանից հետո ես նրա հետ չեմ խոսել»,- ասել է Թրամփը Իսրայելի նախկին վարչապետի մասին։ «Թո՛ղ գնա...» (F**k him)։

Թրամփը քանիցս քննադատել է Նեթանյահուին երկու հարցազրույցների ժամանակ, որ տվել է «Թրամփի աշխարհը. Աբրահամի համաձայնագրերը եւ Մերձավոր Արեւելքի փոփոխությունը» գրքի համար։ Վերջին կաթիլը Թրամփի համար այն էր, որ Նեթանյահուն շնորհավորեց ընտրված նախագահ Բայդենին ընտրություններում տարած հաղթանակի առիթով, այն դեպքում, երբ Թրամփը դեռ վիճարկում էր արդյունքը։

«Առաջինը, ով շնորհավորեց [Բայդենին], Բիբի Նեթանյահուն էր, որի համար ես ավելին եմ արել, քան մեկ ուրիշը... Բիբին կարող էր եւ լռել։ Նա ահավոր սխալ է գործել»,- ասել է Թրամփը Բարաք Ավիդին տված հարցազրույցում (Axios)։

Այժմ ընդդիմության առաջնորդ Նեթանյահուն քարոզչություն է վարում, որպեսզի վերադարձնի վարչապետի պաշտոնը՝ գտնվելով դատի տակ կոռուպցիայի մեղադրանքով։ Նրա հիմնական քաղաքական այցեքարտերից մեկը նրա սերտ հարաբերություններն են ԱՄՆ քաղաքականության առանցքային դերակատարների եւ, մասնավորապես, մի մարդու հետ, որը չափազանց պոպուլյար է մնում Իսրայելում՝ Թրամփի։

Ներքաղաքական պատճառներով թե՛ Թրամփը, թե՛ Նեթանյահուն հանրային կարծիք են ձեւավորել, թե իրենց միջեւ ոչ մի խնդիր չկա, քանի որ սերտորեն համագործակցել են կարեւոր հարցերում։ Բայց իր նախագահության վերջում Թրամփը եկավ այն եզրահանգման, որ Նեթանյահուն իրականում խաղաղություն չէր ուզում պաղեստինցիների հետ եւ իրեն օգտագործել է Իրանի դեմ։

Թրամփը նաեւ զգացել է, որ օգնել է ապահովել Նեթանյահուի քաղաքական կենսակայունությունը, բայց փոխարենը նույնը չի ստացել։ Նա վրդովվել է այն տեսանյութից, որտեղ Նեթանյահուն շնորհավորում է Բայդենին։

«Բիբին ինձ դուր էր գալիս։ Ինձ դեռեւս դուր է գալիս Բիբին։ Բայց ես նաեւ հավատարմություն եմ սիրում։ Առաջինը, ով շնորհավորեց Բայդենին, Բիբին էր։ Եվ նա ոչ միայն շնորհավորեց, այլեւ դա նկարահանեց ժապավենի վրա»,- ասել է Թրամփը։

Նեթանյահուն բնավ առաջին համաշխարհային առաջնորդը չէր, որ շնորհավորել էր Բայդենին։ Փաստորեն, նա սպասել էր ավելի քան 12 ժամ, մինչեւ որ ամերիկյան հեռուստաալիքները հայտարարել էին ընտրությունների արդյունքների մասին։

Բայց Թրամփը պնդում էր, որ ցնցվել է, երբ կինը՝ Մելանիան, ցույց է տվել նրան Նեթանյահուի տեսաշնորհավորանքը. «Այդ ժամանակվանից ես նրա հետ չեմ խոսել։ Գրողի ծոցը թող գնա»։

Նախկին նախագահը սեւեռվել էր այն փաստի վրա, որ այն ժամանակ, երբ այնպիսի առաջնորդներ, ինչպիսին են Բրազիլիայի նախագահ Ժաիր Բոլսոնարուն եւ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը, ձեռնպահ էին մնացել՝ «նրանք զգում էին, որ ընտրությունները կեղծվել են», Նեթանյահուն ընդունել է Բայդենի հաղթանակը։

Այս նկատողությունները հնչել են ապրիլին, Մար ա Լագոյում, 90 րոպեանոց անձնական հարցազրույցի ժամանակ, երբ Թրամփը քանիցս պնդեց, որ Իսրայելի ու Նեթանյահուի համար ավելին է արել, քան մեկ այլ նախագահ։

Նա վկայակոչել է իր որոշումները իրանական գործարքից դուրս գալու, ԱՄՆ դեսպանությունը Երուսաղեմ տեղափոխելու, զորքերը տարածաշրջանում թողնելու եւ Գոլանի օկուպացված բարձունքները Իսրայելի մաս համարելու մասին։

Նա նշել է, որ հայտարարել է Գոլանի բարձունքների մասին «հենց ընտրություններից առաջ», 2019թ. ապրիլին, երբ Նեթանյահուն հետ էր մնում հարցախույզներում։ «Նա տանուլ կտար ընտրություններում, եթե ես չլինեի»։

Պարզ չէ, թե ազդել է արդյոք այս քայլն ընտրությունների վրա, բայց հարցումը, որն անցկացվել էր քվեարկությունից առաջ Իսրայելի դեմոկրատիայի ինստիտուտի կողմից, ցույց է տվել, ոչ իսրայելցիների 66 տոկոսը կարծում է, որ Թրամփի որոշումը ամրացրել է Նեթանյահուի հեղինակությունը։