13,7 մլրդ դրամ ավել գումար է արժեցել ապրանքների մանրածախ գների հուլիսյան աճը Հայաստանի գնորդների վրա

Մանրամասներ
Live24.am-ը ներկայացնում է

1

Ըստ պաշտոնական վիճակագրության՝ հուլիսին մանրածախ առեւտրաշրջանառության ծավալը հասել է 123,9 մլրդ դրամի, եւ մեկ տարվա ընթացքում աճել է «համեստ» 1,2% համադրելի գներով:

Միեւնույն ժամանակ, ապրանքները նկատելիորեն թանկացել են, հատկապես սննդային խմբում: Այսպես, հուլիսին սննդամթերքի միջին գները տարեկան կտրվածքով աճել են 13,5%-ով: Ինչպես հայտնի է, ֆիզիկական ծավալի ինդեքսը հաշվարկվում է բազային ամսվա գներով: Այսինքն՝ ինֆլյացիան «անտեսվում է», ինչն է այս ցուցանիշի իմաստը: Բայց շատ քաղաքացիների հետաքրքրում է ոչ թե այս ինդեքսը, այլ առեւտրի իրական պատկերը: Հետեւաբար, համեմատենք ապրանքների վաճառքի ծավալները ընթացիկ գներով:

Եւ այսպես, ընթացիկ գներով հաշվետու հուլիսին առեւտրաշրջանառության ծավալը, նախորդ տարվա նույն ամսվա համեմատ, աճել է 13,7%-ով: Այս ցուցանիշն ապահովվել է ինչպես վաճառված ապրանքների «քանակի» աճով, այնպես էլ ինֆլյացիայով: Աճի երկու տեմպերի տարբերությունը (13,7% հանած 1,2%) բնութագրում է միայն ինֆլյացիայով պայմանավորված ապրանքաշրջանառության աճը:

Մեր հաշվարկներով, մանրածախ առեւտրի ծավալների բացարձակ աճը, միայն մանրածախ գների աճի հաշվին, հուլիսին կազմել է 13,7 մլրդ դրամ: Միջին հաշվով, Հայաստանի ստանդարտ ընտանիքի համար սա նշանակում է ավելի քան 19 000 դրամի գերածախս: Բայց մեր բոլոր քաղաքացիները գիտեն միջին չափի թերությունների մասին (որոնց մասին կասվի ավելի ուշ):

Հիշեցնենք, որ ամենաաղքատների խմբի (որոնք կազմում են գրեթե 300 000 մարդ) մեկ շնչին ընկնող միջին եկամուտը 2019թ․ (2020թ․ տվյալները դեռ հրապարակված չեն) չի հասել 10 000 դրամի սահմանագծին: «Ստանդարտ» ընտանիքի համար հաշվարկով՝ սա ամսական մոտ 40 000 դրամ է կազմում: Կարո՞ղ է արդյոք նման «բյուջե» ունեցող ընտանիքը ապրանքների ամսական ծախսերը ավելացնել 19 000 դրամով: Այս հարցի պատասխանը պարզ է: Հավելենք, որ բացի «ամենաաղքատներից», երկրում հաշվվում են հարյուր հազարավոր «պարզապես աղքատներ»՝ մեկ շնչի հաշվով բացառիկ ցածր եկամուտով:

Հուլիսին երկրում իրական միջին ամսական աշխատավարձը նվազել է 0,6%-ով: Ի դեպ, մեր քաղաքացիներից շատերը աշխատավարձի ցուցանիշներին պարզապես չեն հավատում: Բայց, նույնիսկ եթե հավատանք, այս ոլորտում դեռ բավականին լուրջ խնդիր կա: Աշխատավարձի ցուցանիշի միջինացումն օբյեկտիվորեն խեղաթյուրում է այս ոլորտում իրական պատկերը: Պատկերավոր ասած՝ ընդհանուր կաթսայում գերբարձր եւ «սովորական» աշխատավարձերը խառնվում են: Այս խնդիրը լուծելու համար միջին աշխատավարձը առաջարկվում է փոխարինել միջին արժեքով:

Նկատենք, որ ապրանքների եւ ծառայությունների շրջանակը, որոնցով հաշվարկվում է գների ընդհանուր ինդեքսը, հարմար է զարգացած երկրների համար, որոնցում քաղաքացիների եկամուտները շատ ավելի բարձր են, քան Հայաստանում: Եկամտահարկի վճարումից հետո տխրահռչակ միջին աշխատավարձը հուլիսին կազմել է ընդամենը 314 դոլարին համարժեք: Դրա իրական արժեքը հաշվարկելու համար ավելի հարմար է պարենային ապրանքների գների ինդեքսը (աճը `13,5%), քան ընդհանուր ինֆլյացիան (8,2%): Բայց վերադառնանք ուղիղ թեմային:

Պարզ ճշմարտություն է՝ տնտեսական ճգնաժամերի դեպքում բնակչության բոլոր շերտերը վնաս են կրում, բացի հարուստներից: Ահա մեկ օրինակ՝ խանութները, որոնք կազմում են հանրապետության մանրածախ շրջանառության ավելի քան 77%-ը: Հաշվետու ամսում խանութների միջոցով ապրանքների վաճառքի ֆիզիկական ծավալը նվազել է մոտ 2%-ով: Իհարկե, խանութպանները (եւ առավել եւս սուպերմարկետները) չեն սնանկացել: Ընդհակառակը, հուլիսին ինֆլյացիան նրանց համար ապահովել է լրացուցիչ 10,3 մլրդ դրամի եկամուտ: Եւ այս «քափը» ընդամենը մեկ ամսվա ընթացքում:

Հասկանալի է, որ խոշոր բիզնեսը պետք է լինի պետության ուշադրության կենտրոնում: Հատկապես հիմա, երբ գներն աճել են: Նկատենք, որ մայրաքաղաքում (որտեղ գտնվում են հանրապետության բոլոր խանութների կեսից ավելին) մանրածախ առեւտրի «խաղի կանոնները» թելադրվում են խոշոր օբյեկտների կողմից: Այդ թվում եւ հատկապես` սննդամթերքի վաճառքի ոլորտում սուպերմարկետների կողմից:

Սակայն շատերը կասկածում են, որ այս օբյեկտները գտնվում են պետության «ուշադրության կենտրոնում»: Չէ որ, դեռեւս չկան իրավասու մարմինների հասկանալի եզրակացություններ մի շարք առաջին անհրաժեշտության պարենային ապրանքների գների բարձրացման հիմնավորման վերաբերյալ:

Սմբատ Գրիգորյան

News.am