Չարլզ Դիքենսի «Մեր տիրոջ կյանքը»

Մանրամասներ

ա

ԳՐՔԻ ՇՆՈՐՀԱՆԴԵՍԸ

Անգլիացի մեծանուն գրող Չարլզ Դիքենսը նվիրյալ քրիստոնյա էր և իր բովանդակ կյանքում պայքարել էր մարդասիրական գաղափարների իրագործման համար: Նրա աշխատություններից մեկը՝ «Մեր Տիրոջ կյանքը», Հիսուս Քրիստոսի կյանքի մասին գեղեցիկ շարադրված ավետարանական պատմություններ են՝ գրված սեփական երեխաների համար: Աշխատությունը նախատեսված չի եղել հրապարակման համար, ընթերցվել է հեղինակի տանը, և միայն գրողի ու նրա զավակների մահից հետո է հնարավոր դարձել այն տպագրել և հասանելի դարձնել ընթերցողներին:

Ի ուրախություն բոլորիս՝ այս գործը մատչելի դարձավ նաև հայ ընթերցողին:

Հաջողությամբ թարգմանված գեղարվեստական հանճարեղ այս ստեղծագործությունը ցանկացած տարիքի ընթերցողին կարող է օգնել առավել խորությամբ ընկալել ավետարանական իրադարձությունները,  մոտ գտնվել սիրո ու մարդասիրության սկզբունքների վրա հիմնված քրիստոնեական արժեհամակարգին և դրանով իսկ նպաստել առողջ հասարակության կայացման շնորհակալ գործին: Եվ ինչպես գրքի թարգմանիչ Կարեն Գևորգյանն է իր ներածական խոսքում հույս հայտնում՝ գիրքը Հայաստանում իր նպաստն է բերելու աշխարհն ավելի բարի դարձնելու՝ Չարլզ Դիքենսի գործադրած ջանքերին:

Շնորհանդեսից հետո, իբրև դրա շարունակություն նկարիչների միության ընդարձակ դահլիճում բացվեց գրքի նկարազարդման համար օգտագործված հայտնի գեղանկարիչ Մայիս Մխիթարյանի աշխատանքների ցուցահանդեսը, և ահա, ամբողջ դահլիճը ողողվում է արվեստագետի յուրահատուկ ստեղծագործական ոճին բնորոշ վառ գույներով:

Ահա՝ Հին Կտակարանից Շուշանն է ծնկաչոք, զրպարտող ծերերի միջև, բայց երկնքում հրեշտակներն են ճախրում, որպեսզի Դանիելի միջոցով հաղթանակի արդարությունը: Կողքի կտավում Ռաֆայել պահապան հրեշտակն է, ում առջև Տոբիթն է որդու հետ՝ ոսկիները նրանց ոտքերի առջև շաղ տված: Ահա, Գաբրիել հրեշտակն է այցելել Մարիամ Աստվածածնին՝ Փրկչի ծննդյան լուրը նրան հաղորդելու: Մեկ այլ նկարում՝ Տիրոջ ուղարկած երկնային հրեշտակների զորքն  է այցելել վախվորած հովիվներին՝ Փրկչի ծննդյան ավետիսը նրանց փոխանցելու: Իսկ այս կտավում նորածին Հիսուսն է, աղոթող Աստվածածնի և խանձարուրը բռնած մի հրեշտակի հետ: Հաջորդում՝ Սուրբ Հավհաննես Մկրտիչն է և Հիսուսը՝ գլխավերևում աղավնին՝ իբրև Սուրբ Հոգով մկրտության խորհրդանիշ: Այս մեկում էլ՝ Մովսեսի ու Եղիայի ներկայությամբ դարձյալ մեր Տերն է լույսերի մեջ պայծառակերպված, և Իր երեք աշակերտներն են սարսափած՝ ձեռքները լույսին պարզած: Մյուսում՝ Հիսուսի աշակերտներն են զարմացած ու մերժող կեցվածքով նայում Նրան, Ով լվանում է նրանց ոտքերը Խորհրդավոր ընթրիքից մեկ օր առաջ: Հաջորդում՝ հրեշտակներն են հսկում, թե ինչպես է Տերն Իր Երկրորդ գալստյանը լույսերի միջից իջնում: Իսկ այս պատկերում էլ Հիսուս Քրիստոս է օրհնում երեխաներին, որոնց ձեռքերում հավատքի ուժը խորհրդանշող մանանեխի հատիկներ են…

Աստվածաշնչյան այս կերպարները, թվում է, ստեղծում են մի տրամադրություն, որը քեզ ստիպում է մոռանալ մարդկանց ներկայությունը, մոռանալ ինքդ քեզ և հոգեպես տեղափոխվել կտավների շրջանակներից ներս, որտեղ հավերժությունն է: Իսկապես, որ տպավորիչ է այս ամենը՝ անգլիացի հանճարի գրքի հայերեն թարգմանության շնորհանդեսն ու տաղանդավոր արվեստագետի գեղանկարների ցուցահանդեսը, ինչը երկար պիտի հիշվի Հայաստանի մշակութային կյանքում:

«Մշակույթը հոգու հաղթանակն է նյութի նկատմամբ։ Մշակույթն անմահությունն է՝ մեր երկրավոր կյանքի մեջ թափանցող։ Մշակույթը երկրավոր մարդկանց հոգիացնողն է». կարծես թե, ճիշտ այս առիթով է ասել երջանկահիշատակ Գարեգին Ա Ամենայն Հայոց կաթողիկոսը:

qahana.am