«Աստծու սերը սփռված է մեր սրտերում Սուրբ Հոգու միջոցով» (Հռոմեացիս Ե 5)

Հոր կողմից աշխարհ առաքվելով` Ամենակարող Սուրբ Հոգին մեր սրտերի մեջ է սփռում սերը

ա

ԼՐՈՒՄՆ ՕՐԻՆԱՑ

Այս երկու բառերը լսելիս թե՛ աստվածաբանի և թե՛ քրիստոնյայի մտքում ակնթարթորեն հառնում են Փրկչի՝ Հիսուս Քրիստոսի բովանդակ կյանքն ու գործունեությունը՝ որպես Օրենքի և մարգարեների լրացնողի կամ կատարողի, քանզի յուրաքանչյուր Սուրբ Պատարագի ավարտին խորհրդակատար քահանան, ի լուր համայն աշխարհի, հայտարարում է. «Օրենքների ու մարգարեների կատարումը Դու ես, մեր Փրկիչ Քրիստոս Աստված, որ լրացրիր հայրակամ Քո բոլոր տնօրինությունները»:

Սակայն միայն այսքանով չի բավարարվում, և իր վկայությունն ավարտում է հետևյալ խնդրանքով. «Մեզ նույնպես լցրո՛ւ Քո Սուրբ Հոգով»: Այստեղ հարց է առաջանում, թե ի՞նչ կապ գոյություն ունի այս երկու հատվածների միջև, կամ ինչպե՞ս են կապվում Օրենքի լրումը և Սուրբ Հոգու գալուստը կամ տրվելը մարդկանց: Այս կապը գտնելու համար, նախևառաջ, պետք է ուսումնասիրել Հոգեգալստյան տոնի հիմքերը: 

Հրեաներն իրենց Զատկի տոնից հիսուն օր հետո տոնում էին Պենտեկոստեն: Այս տոնի ժամանակ հիշատակվում էր Սինա լեռան վրա տասնաբանյա (սինայական) օրենքի ստացումը:

Արդեն քրիստոնեական կրոնում Քրիստոսի Հարության տոնից հիսուն օր հետո տոնվում է Հոգեգալուստը՝ Սուրբ Հոգու գալստյան տոնը, որը հայտնի է նաև «Պենտեկոստե» անունով:  Ըստ հեթանոսաց առաքյալի` հինկտակարանյան Օրենքը դաստիարակ եղավ մարդկանց, որպեսզի նրանց ուսուցանի, առաջնորդի դեպի սրբություն և պատրաստի Որդու գալստյանը (Գաղատացիս Գ 24):

Իսկ Հիսուսի Համբարձումից հետո աշխարհ եկող Սուրբ Հոգին վկայում է Քրիստոսի մասին (Հովհաննես ԺԵ 26), ծնում է մարդուն ու դարձնում հոգևոր էակ (Հովհաննես Գ 6), մարդուն դարձնում է Աստծու տաճար (Ա Կորնթացիս Զ 19), դնում է ճշմարիտ հավատքի հիմքերը (Ա Կորնթացիս Բ 4-5), օգնում է պահպանել ճշմարիտ հավատը (Բ Տիմոթեոս Ա 14), ուղղորդում է Աստծո խոսքի քարոզչությունը (Գործք ԺԳ 2):

Սակայն այս ամենից զատ Սուրբ Հոգու գործունեության շրջանակում կա  մի անչափ կարևոր, բայց ստվերված  ասպեկտ, որն էլ շատ լավ բանաձևում է Պողոս առաքյալը. «Աստծու սերը սփռված է մեր սրտերում Սուրբ Հոգու միջոցով» (Հռոմեացիս Ե 5):

Եվ Հոգուց տրված այս ճշմարիտ սիրո փայլատակումն է, որ ակնհայտ է դարձնում մարդու` Սուրբ Հոգու տաճար ու բնակարան լինելը, քանզի հենց սերն է Սուրբ Հոգու պտուղը (Գաղատացիս Ե 22): Պողոս առաքյալը կրկին հռոմեացիներին ուղղված նամակում անդադար գոչում է. «Սերն է օրենքի լրումը» (Հռոմեացիս ԺԳ 10):

Այսպիսով, Հոր կողմից աշխարհ առաքվելով` Ամենակարող Սուրբ Հոգին մեր սրտերի մեջ է սփռում սերը և զորացնելով` հոգևորապես ծնված ու նոր մարդ դարձած էակին մղում է ամբողջապես կատարելու կամ լրացնելու օրենքը և առավել արդար լինելու, քան Օրենքի տակ եղողները, քանզի. «Եթե ձեր արդարությունը ավելի չլինի, քան օրենսգետներինը և փարիսեցիներինը, երկնքի արքայությունը չեք մտնի» (Մատթեոս Ե 20):

qahana.am